▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովի արտահերթ նիստ չի լինի. կառավարությունը չեղարկել է որոշումը

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, տեղի չի ունենա: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 13-ին կայացած արտահերթ նիստում:

Գործադիրն արտահերթ նիստում չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ  Ազգային  ժողովի  արտահերթ նիստ  գումարելու  վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիեւ առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ճանաչել անհետաձգելի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում ևս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն: Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու և վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները: Նախատեսվում է նաև, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее