2016 թվականն ամփոփել են նաև աստղագետները:
«Տարին կարևոր էր, քանի որ առաջին՝ Բյուրականի աստղադիտարանը նշում էր հիմնադրման 70-ամյակը, երկրորդ՝ երկարատև ընդմիջումից հետո վերջապես հնարավոր եղավ շահագործման հանձնել 2.6մ դիտակը: 25 տարի անց կարողացանք վերականգնել նաև 1մ Շմիդտի աստղադիտակը, որն աշխարհում ավելի հայտնի է: Նրա միջոցով են կատարվել Բյուրականի ամենահայտնի հետազոտությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Քանի որ վերջինին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը կես կատակ, կես լուրջ 7 րոպե խոսելու հնարավորություն էր տվել՝ կարևոր հայտարարություն անելու համար, ընդմիջեց և տեղեկացրեց.
«Երևանի ժամանակով 14:44 (Գրինվիչի ժամանակով՝ 10:44) ձմեռային արևադարձի պահն է: Այս պահից սկսած՝ ցերեկները կսկսեն երկարել, գիշերները՝ կարճանալ: Հյուսիսային կիսագնդում Երկրի առանցքի պտտման թեքությունը Արևի ուղղությամբ ամենամեծ նշանակությունն է ձեռք բերում: Այնպես որ՝ սա աստղագիտական օր է համարվում ու պատահական չէինք հավաքվել»:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև 2017թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցը, Երվանդ Թերզյանի անվան մրցանակ հանձնվեց Աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանին: Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրեր շնորհվեցին Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Լևոն Արամյանին՝ լիագմբեթ աստղագիտական ուսումնական ֆիլմի և Սոնա Ֆարմանյանին՝ գիտաճամբարներ կազմակերպելու համար:
Այստեղ խրախուսվում են ուսուցիչների կողմից նորարարությունները:
Լևոն Արամյանի խոսքով՝ իրենց նպատակն է պատրաստել ֆիլմեր, որոնք դիտորդին թույլ կտան իրեն զգալ իրադարձությունների կենտրոնում և դա 360 աստիճան կինոթատրոնների միջոցով է: Տեղի ունեցավ նաև «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդ գիտնականների կոնֆերանսի նյութերի ժողովածուի շնորհանդեսը, ցուցադրվեց «Բյուրականի աստղադիտարան» նորաստեղծ տեսահոլովակը, ամփոփվեց նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակի կապակցությամբ հայտարարված գիտական լրագրության մրցույթը: Մրցանակներ հանձնվեցին Asekose.am-ի, Արարատ հեռուստաընկերության, panorama.am-ի, Տեսակետ մամուլի ակումբի լրագրողներին:
Անի Կարապետյան


