Tert.am-ը գրում է. Հայկական շոու բիզնեսի կարկառուն դեմքերն այսօր շատ քիչ են ներկայանում համերգներին, միջոցառումներին: Երգիչ Արսեն Սաֆարյանն այդ հայտնիների շարքից է, որը հազվադեպ է ներկայացնում նոր երգեր, տեսահոլովակներ և հազվադեպ ենք հանդիպում համերգներին:
Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը և ինչո՞վ է նա զբաղվում. փորձեցինք պարզել երգչից:
«Վերջին շրջանում քիչ են կազմակերպում միջոցառումներ, իսկ կազմակերպելու դեպքում էլ պետք է իրենց առաջարկն ինձ հետաքրքրի, եթե առաջարկն ինձ դուր չի գալիս, չեմ մասնակցում: Իհարկե, հաշվի եմ առնում, թե ինչ համերգ է, ովքեր են կազմակերպում և կոմերցիոն ինչ առաջարկներ են անում»,- ասաց Արսենը:
Արսենի խոսքով` նա կարոտում է երգը, կենդանի համերգներն ու հանդիսատեսին. «Երջանիկ է այն արտիստը, որը շատ ելույթներ է ունենում և հաճախակի է իր հանդիսատեսին հանդիպում: Ես այս հարցը այլ կերպ եմ լուծել: Շուտով կբացեմ «Սաֆ» ակումբը, որտեղ կունենամ ավելի փոքր մասշտաբային համերգներ»:
Հարցին` արդյո՞ք շոու-բիզնեսը երկրորդ շնչառությունը կստանա, Արսենը պատասխանեց. «Շոու բիզնեսը միայն երգիչները չեն ստեղծում, շոու բիզնեսը ինֆորմացիոն միջոցներն են ստեղծում, իսկ մեր շուրջը այսօր ինչ կատարվում է, դա շնորհիվ մեր լրատվամիջոցների է: Մենք տալիս ենք արդյունքը, իսկ լրատվամիջոցները լուսաբանում են: Իհարկե, ամեն տեղ թելադրող ուժը ֆինանասն է, բայց ինչպես ասում են` մի քիչ էլ չափ ու սահման պետք է լինի այդ ամենի մեջ»:
Արսեն Սաֆարյանի կարծիքով` այսօր ռեստորանային երաժշտությունը պահանջարկ չունի, եթե արտիստները ներկայացնեն որակյալ երաժշտություն, ապա բոլորն էլ կլսեն այն:
«Ո՞վ է հարցրել մարդկանց, թե ինչպիսի երաժշտություն են նախընտրում լսել: Հարսանիքներին ես էլ եմ տաշի տուշիների ներքո պարում, բայց դա ուրախության, խնջույքի երաժշտություն է, այլ ոչ թե պահանջարկ: Այդ երաժշտությունը միշտ էլ եղել է, եթե առաջ ռեստորանից երգիչը գալիս էր բեմ, ապա հիմա բեմից երգիչը գնում է ռեստորան: Հակառակ գործընթացն է եղել, ես դեմ չեմ ինչ-որ մեկի արվեստին, բայց ամեն մեկն ունի իր տեղը, իսկ մեր մոտ ամեն ինչ խառնվել է իրար»:
Այս ընթացքում Արսենը ստեղծագործական գործունեությամբ է զբաղվել` հեղինակելով մի շարք երգեր: Առաջիկայում նա իր երկրպագուներին կներկայացնի նոր աշխատանքներ:
«Այս ընթացքում մասնակցել եմ մի քանի մասսայական միջոցառումների, որոնք այդքան էլ շատ չեն, բայց կարողացել եմ դրանով ընտանիքիս ծախսերը հոգալ: Կարիք չեմ ունեցել այլ աշխատանքով զբաղվել: Երջանիկ լինելու համար ինձ շատ բան պետք չէ, պարզապես ուզում եմ լինել հանգիստ, ազատ ու ապահով»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում