Այսօր` հունիսի 1-ին, մեկնարկել են «Սուպեր մամա 2» ֆիլմի նկարահանումները: Այս մասին տեղեկանում ենք Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից:
Հավելենք, որ նախկինում «Սուպեր մամա 2» կատակերգության աշխատանքները դադարեցվել էին քառօրյա պատերազմի պատճառով: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն ապրիլի սկզբներից մինչև մայիսի 18-ն ընդգրկված է եղել Արթուր Ալեքսանյանի «5165» կամավորական ջոկատում և պարբերաբար գնացել է դիրքեր: Այս առնչությամբ Հայկ Մարությանն ասել էր հետևյալը.
«Այդ իրադարձությունների պատճառով մեր թիմում ոչ ոքի մոտ տրամադրություն չկար, իսկ ֆիլմը հումորային է, և պետք է տրամադրություն ունենաս, որ զբաղվես դրանով, սակայն բոլորիս ուղեղներն այլ ուղղությամբ էր աշխատում, հիմա էլ ֆիլմի համար արդեն ուշ է, այլ պրոեկտներով կզբաղվենք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Մարությանը, անդրադառնալով «Սուպեր մամա» ֆիլմի ստեղծման ժամանակ առաջացած ֆինանսական խնդիրներին, ասել էր հետևյալը.
«Այս ֆիլմի ներդրողը ես եմ եղել, այսինքն` ներդրել եմ իմ գումարը, որն առաջացել էր բնակարանիս վաճառքից: Այնուհետև, Փառք Աստծո, ֆիլմը կայացել է, և արդեն գնել եմ ուրիշ բնակարան»: