Life.panorama.am-ը գրում է. Շուտով եթերում կլինի «Տանդեմ» սիթքոմը: Աիթքոմում առաջին անգամ հումորային ժանրում կներկայանա դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով կայքի հետ զրույցում խոսել է առաջարկը ընդունելու եւ իր հերոսուհու մասին:
Սոֆյան նշեց, որ նախկինում հաճախ է տարբեր սիթքոմներից նկարահանվելու առաջարկ ստացել, սակայն մշտապես մերժել է, քանի որ կերպարի կամ այլ հարցերում մշտապես ինչ-որ մի բան իր ստով չի եղել: Իսկ այս դեպքում գոհացնող պատճառները շատ են եղել:
«Առաջարկը ստացա ռեժիսոր Արման Նշանյանից, եւ քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք եւ գիտեի նրա հնարավորությունները, բացի այդ նաեւ ծանոթացա սցենարին, որոշեցի համաձայնել»,- նշեց Սոֆյան:
Մեր զրուցակցի խոսքով` այս սիթքոմն իր տեսակով տարբերվում է դաշտում գործող նախագծերից:
«Այստեղ հաստատ չենք տեսնի պրիմիտիվ հումոր: Այն տարբերվում է իր ոճով, որն էլ ինձ գրավեց: Այստեղ երեւույթներին այլ ուղղությամբ են նայում, ինչը շատ հետաքրքիր է»,- հավելեց նա:
Խոսելով իր հերոսուհու մասին` Սոֆյան պատմեց.
«Նման կերպար երբեք չեմ խաղացել եւ որպես դերասանուհի` դա ինձ շատ գրավեց: Հիմա հնարավորություն ունեմ ներկայանալու այլ կերպ, որը հեռուստադիտողի համար նորություն կլինի: Ես մարմնավորում եմ Մայրանուշին, նա մոդել է: Հետաքրքիրն այնն է, որ այստեղ մոդելին այլ կերպ է ներկայացվում, շեշտը դրված չէ սեքսուալ արտաքինի կամ նման այլ բաների վրա: Սիթքոմը ունի չորս գլխավոր հերոսներ, որից մեկը հենց Մայրանուշն է»:
Սա Սոֆյայի համար նոր ժանր է: Մինչ այս նա հանդես է եկել դրամատիկ կերպարներում: Հարցին, թե որպես, դերասանուհի մտավախություն չի՞ ունեցել նոր ժանրում ներկայանալ, պատասխանեց.
«Մտավախություն չեմ ունեցել, հակառակը, ես մշտապես մտածել եմ, որ Հայաստանում դերասանին տարբեր ժանրերում դրսեւորվելու քիչ հնարավորություններ են տալիս: Այս խնդիրը ավելի վախեցնող է, քան նոր ժանրում ներկայանալը: Ինձ այս առումով մեծ վստահություն տվեց Արման Նշանյանի դերը. Շատ հեշտ է, երբ ռեժիսորը նաեւ դերասան է, այդ դեպքում նա դերասաններին շատ լավ է հասկանում ու օգնում: Մենք մանրակրկիտ աշխատել ենք կերպարի վրա, հետո այստեղ արագ նկարահանելու եւ կարճ ժամանակում արտադրանք ներկայացնելու խնդիր չկա, ինչը արդյունավետ աշխատանքի է հանգեցնում: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ հեռուստադիտողը կսիրի «Տանդեմը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում