▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս խայտառակության վերջը տվեք.Աշոտ Մանուչարյան

2018թ. հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում 55 տարեկանում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նրա քրոջ որդին, ով Գերմանիայից ժամանել է Հայաստան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դին տեղափոխվել է Հայաստան. «Ես եմ զբաղվում այդ թղթերի հարցերով, երեկ ամբողջ ընտանիքը ժամանել է Երևան: Անհասկանալի վիճակում ենք: Ես չէի հավատում, որ այսքան խնդիր է լինելու: Այնքան ենք վիրավորվել: Հույս ունենք, որ իշխանությունը ճիշտ քայլ կանի: Մեկ շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Մարդը մահացել է, դագաղում սպասում է»,-ասաց Սարգիս Հացպանյանի քրոջ որդին:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համար նույնպես անհասկանալի իրավիճակ է.

«Մի ձեռքում կինոխցիկը, մյուսում ավտոմատն է եղել, դրա մասին բոլորը գիտեն: Հացպանյանի նման մարդիկ սերունդ են դաստիարակում: Պետք չէ ճղճիմ վերաբերմունք ցուցաբերել: Սարգիս Հացպանյանը մենակ մեծ գործ է արել: Նա և՛ ԱԳՆ արժեր, և՛ ԱԱԾ: Նրա շնորհիվ շատ քրդեր, թուրքեր, այլ ազգի ներկայացուցիչներ են եկել Հայաստան: Հույս ունեմ, որ այս խայտառակությունը կընդհատվի ու այլևս այս թեմայով չենք խոսի»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ օրինակ իրենց ջոկատից որևէ մեկը վկայական չունի:

«Շատերը վատ են զգացել գնալ ու ներկայացնել Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կատարածը: Իրենք պետք է հաշվառեն ու կանչեն»,-հավելեց Գագիկ Գինոսյանը:

Նշենք, որ ասուլիսի սկզբում տեղեկացանք, որ Հացպանյանի կնոջ հետ կապ է հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ալթունյանն ու հայտնել, որ «Մարտական ուղի» փաստաթղթի առկայության դեպքում իրենք պատրաստ են քննարկել այդ հարցը: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն Հացպանյանի հրամանատարները: Սարգիս Հացպանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 17:30-ին՝ Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее