Եթե վերջին, ապա տրամաբանական է, որ այն լինի ամփոփիչ: 
Նախևառաջ  պետք է նշել, որ քաղաքական տարին բավականին բուռն էր, որը պայմանավորված  էր ԱԺ ընտրություններով և նախագահական ընտրությունների շուրջ ներքաղաքական  գործընթացներով:
Տարին  աննախադեպ էր եվրոպական ինտեգրացիայի գործընթացում մեր երկրի շոշափելի  առաջընթացով: Այս առումով զգալի բեկում արձանագրվեց ասոցացման  համաձայնագրով նախատեսված գործողություններում ու խորը և համապարփակ առևտրի  համաձայնագրի շրջանակներում: Բավականին ինտենսիվ էին տարբեր ֆորմատներով  ու մակարդակներով շփումներն ու բանակցությունները հեղինակավոր և ազդեցիկ  Եվրոպական կառույցների հետ: Իսկ դեկտեմբերի սկզբին Եվրոպական Հանձնաժողովի  նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյի Երևան այցելությունը, առհասարակ պետք է  դիտարկել որպես Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության և լիակատար  փոխըմբռնման առհավատչյա: 
Դե  իսկ ներքաղաքական գործընթացները, ըստ էության, ստեղծեցին նոր քաղաքական  կոնյունկտուրա, որը կարելի է բնորոշել որպես ընդդիմության բազմատրոհում և  մարգինալացում: Ցավոք, այս իրավիճակը իր ազդեցությունն ունեցավ նախագահական  ընտրություններին որոշ մրցունակ թեկնածուների չառաջադրման վրա: Թեպետ, ոչ  Րաֆֆի Հովհաննիսյանին, ո’չ Հրանտ Բագրատյանին և ո’չ էլ Պարույր Հայրիկյանին  որևէ կերպ չի կարելի դասել թույլ թեկնածուների շարքին:
Տարին  նշանավորվեց մեծագույն խայտառակությամբ, որի հեղինակները դարձան առաջադեմ  Եվրոպայի մաս կազմող Հունգարիան և ակնհայտ բռնատիրական հակումներ դրսևորող  Ադրբեջանը: Առաջինը` աչք փակելով մարդկային, բարոյական և իրավական նորմերի  վրա և տուրք տալով Ադրբեջանի մի քանի միլիարդանոց ներդրումների  խոստումներին արտահանձնեց մեր սպային կացնահարած ստահակին, իսկ երկրորդի  բանականության հետ տեսանելի խնդիրներ ունեցող ղեկավարը ոչ միայն ներում  շնորհեց, այլ նաև հերոսացրեց նրան: Սրան հաջորդած Նախագահ Սարգսյանի  նախաձեռնությամբ քայլերը ոչ միայն ադեկվատ էին իրավիճակին (Հունգարիայի հետ  դիվանագիտական հարաբերությունների սառեցում, Ադրբեջանի նախագահի քայլերի  դատապարտում, Միջազգային հանրության ուշադրության կենտրոնացում և այլն),  այլ նաև համոզիչ և միանշանակ ընդունելի առաջադեմ հասարակությունների  կողմից:
Բնականաբար, տարվա  ընթացքում մենք ականատես եղանք այլ իրադարձությունների նույնպես, բայց  դրանց հիշատակումը մեկ այլ, գուցե ոչ այս տիրույթում ներկայացնելու խնդիր  է:
Ինձ մնում է շնորհավորել  բոլորին Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և ցանկանալ ամենայն  բարիք, երջանկության ու դրվատանքի անսահման պահեր…
ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյան 
      

