Aysor.am-ը գրում է. Երեկ գիշեր՝ ուրբաթ 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում շղթայաբար յոթ պայթյուն է որոտացել. ահաբեկչության թիրախ են դարձել «Stade de France» մարզադաշտը, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, «Բատալկան» թատրոնը, որտեղ շուրջ 1500 մարդ ունկնդրում էր «Eagles of Death Metal» խմբի համերգը և« Le Petit Cambodge» սրճարանը:
Կապ հաստատեցինք Ֆրանսիայի սրտում բնակվող մեր հայրենակիցներից երկուսի՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանի և երաժիշտ Մարինե Գյուլումյանի հետ:
Արևիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ահաբեկչության օջախները թեև իրենցից բավական հեռավորության վրա են եղել, սակայն դա չի մեղմել սարսափը: «Այն, ինչ կատարվեց, մեր տանը մոտ չէր, բայց ամեն դեպքում նույն քաղաքում է, ինչը, բնականաբար, սարսափեցնում է: Հատկապես, որ միաժամանակ տարբեր վայրերում են եղել ահաբեկչությունները, անմեղ մարդիկ են զոհվել: Սա մեծ դժբախտություն է բոլորիս համար»:
Երգչուհին տանն է եղել, երբ ամուսինը զանգահարել և ասել է տեղի ունեցածի մասին: «Անմիջապես լուրերը միացրեցի, դեպքի վայրից ուղիղ եթերով հեռարձակվում էր իրավիճակը: Սարսափելի էր… Փողոցները փակվել էին, ես միայն մտածում էի՝ ամուսինս կարողանա շուտ տուն գալ, որպեսզի հանգիստ լինեմ: Մեր պատուհանից ամբողջ գիշեր լսվում էին ուղղաթիռների և ոստիկանական մեքենաների ազդանշանները, Երևանից ու տարբեր երկրներից անընդհատ գրում ու զանգում էին՝ լսելով ահաբեկչության մասին այս լուրը: Փառք Աստծո՝ մեր հարազատներից կամ ծանոթներից ոչ-ոք չի տուժել, բայց ես շատ-շատ եմ ցավում բոլոր նրանց համար, ովքեր այս ահաբեկչության արդյունքում կորցրել են ընկերներ, ընտանիքի անդամներ, հարազատներ: Աստված թող համբերություն տա բոլորին»,- նշեց երգչուհին:
Նրա խոսքերով՝ այժմ Փարիզում արտակարգ իրավիճակ է հայտարարված, սահմանները փակ են, բայց տանից դուրս գալու արգելքներ չեն դրվել: «Բայց կարծում եմ՝ չեն գտնվի մարդիկ, ովքեր կցանկանան այս օրով շրջել քաղաքում: Այս պահին լարված վիճակ է, ահաբեկիչներին են փնտրում քաղաքում, եթե չեմ սխալվում՝ մեկ-երկուսին բռնել են: Պետք է խոստովանեմ, որ շատ վախեցած եմ ու շատ անապահով եմ ինձ զգում: Մի քանի ամիս առաջ էլ նման բան եղել էր, բայց ոչ այսպիսի հետևանքներով: Հիմա ապրում ես՝ ահը սրտումդ. չգիտես՝ նրանց հաջորդ քայլը երբ և ինչ է լինելու: Սարսափելի է»,- հուզված եզրափակեց Արևիկ Ալավերդյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում