▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին արհեստական դադար է ինձ մոտ, որ չէի ցանկանա լիներ. Ասո


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը, նույն ինքը՝ Ասոն, ով վերջին շրջանում կարծես ստեղծագործական դադար է հայտարարել:

Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում հեռուստադիտողը Ձեզ այնքան էլ հաճախ չի տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված այս շրջանի Ձեր հարաբերական դադարը:

- Այս պահին, արհեստական դադար է ինձ մոտ, որ չէի ցանկանա լիներ: Չգիտեմ էլ ինչի հետ է կապված այդ դադարը, միգուցե հիասթափության, միգուցե իրավիճակն է այդպես դասավորվել, մի տեսակ տրամադրող ոչինչ չկա, որպեսզի ակտիվ աշխատեմ: Թեպետ, երբ համերգների եմ հրավիրվում, բնականաբար, չեմ մերժում: Հուսամ շուտով ավելի ակտիվորեն կներկայանամ իմ հանդիսատեսին:

Ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել:

- Չգիտեմ, մի տեսակ անբացատրելի իրավիճակ է հիմա, կարծես ամեն բան անհետաքրքիր դարձած լինի: Նույն տեսահոլովակները կարծես իրենց արժեքը կորցրած լինեն, եթե առաջ տեսահոլովակ էինք ներկայացնում, շատերը տեսնում էին, նկատում, դրանից ելնելով հրավերներն էին ավելանում, իսկ հիմա մի տեսակ իմաստազրկվել է տեսահոլովակի դերը, դրա փոխարեն կազմակերպվում են համերգներ, մարդիկ էլ գալիս լսում են: Կարծում եմ, այսօր ժողովրդին այնքան էլ տեսահոլովակները չեն հետաքրքրում, իսկ առաջ նրանք հետաքրքրված էին, հետեւում էին: Առաջ, երբ որեւէ տեսահոլովակ էիր նկարում, շատերը զանգում էին, շնորհավորում, իսկ հիմա տեսահոլովակ ես նկարում, անցնում է կարճ ժամանակ եւ քեզ զանգում հարցնում են, թե ինչու նոր տեսահոլովակ չկա: Այսինքն՝ նրանք այնքան անտարբեր են, որ չեն էլ նկատել, որ արդեն նոր գործդ թողարկել ես, արդյունքում հասկանում ես, որ մարդիկ երեւի ավելի լուրջ եւ կարեւոր հարցերով են մտահոգված եւ քո տեսահոլովակի մասին մտածեու ժամանակը չունեն:

Պարոն Գրիգորյան, մեր երկրում տեսահոլովակը գումար բերո՞ւմ է երգչին:

- Այսօր մեր երկրում ինչ կատարվում է, ասում են, թե համապատախանեցնում ենք եվրոպական չափորոշիչներին, բայց այդ նույն եվրոպական չափորոշիչներից ելնելով, եթե մի տեսահոլովակի վրա ծախսվի օրինակ 25.000 դոլար, ապա այդ տեսահոլովակի վաճառքը, ցուցադրման տոկոսները արդեն բավարար կլինեն երգչին, որ նա հանգիստ ապրի, իսկ մեր երկրում տեսահոլովակ ես նկարում, որ մարդիկ տեսնեն, հրավիրեն իրենց համերգներին կամ կորպորատիվ միջոցառումներին: Այսինքն՝ մեր երկրում հիմա տեսահոլովակով ներկայությունդ ես ապահովում եւ միայն դրանից ելնելով ես գումար աշխատում:

Այսօր երգիչների մեծ մասը աշխատում են ակումբներում եւ ռեստորաններում, դուք եւս ունե՞ք նմանատիպ մշտական «աշխատատեղ»:

- Արդեն տասը տարուց ավելի է, ինչ ոչ մի ռեստորանում չեմ աշխատում: Ժամանակ առ ժամանակ աշխատում եմ, հետո նորից դուրս գալիս, առհասարակ ռեստորանում ամեն օր աշխատանք ունենալը իր դրական ներգործությունը ունի, քանի որ այդպես երգիչները անընդհատ գտնվում են «ֆոռմայի» մեջ:

Պարոն Գրիգորյան բացի երգից, այլ աշխատանքով զբաղվո՞ւմ եք:

- Ոչ: Բացի երգից զբաղվում եմ ընկերներիս եւ լավ մարդկանց օգնելով, որը նյութական հետապնդումներ չունի:

Իսկ թա՞նկ հաճույք է Ձեզ կորպորատիվ միջոցառումներին տեսնելը:

- Ոչ, թանկ հաճույք չէ: Ավելին ասեմ, ես անվճար ավելի շատ եմ երգում: Առհասարակ ես ըմբռնումով եմ մոտենում, եւ եթե նրանք ցանկություն են ունենում ինձ տեսնել իրենց կյանքի կարեւոր օրերին, ապա աշխատում եմ չնեղացնել: Միաժամանակ պետք է նշեմ նաեւ, որ որոշ մարդիկ առիթից օգտվում են եւ պատեհ-անպատեհ «հայավարի լացում են»: Ես էլ ասես հոգեբան դարձած լինեմ՝ բոլորին անմիջապես զգում եմ:

Պարոն Գրիգորյան ունե՞ք սկզբունքներ, որոնցից ելնելով դուք կարող եք անգամ անվճար երգել, եւ միաժամանակ որոնցից ելնելով դուք կարող եք հրաժարվել անգամ բարձր հոնորարների դեպքում:

- Երգչից բացի ես տղա եմ: Եթե ես որեւէ մեկին խոստանում եմ անվճար մասնակցել իր միջոցառմանը, ապա դրանից հետո միեւնույն օրը մեկ այլ վայրում, թեկուզեւ մեծ գումարների դիմաց հրավերը ես մերժում եմ: Իմ խոսքը ուժ ունի, ես միշտ իմ խոսքի տերն եմ լինում:

Երիտասարդությունը վերջին շրջանում բավականին հետաքրքրված է ժողովրդկան երգով: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Այո, ժողովրդկան երգը քայլ-քայլ ավելի առաջ է շարժվում: Շատ լավ միտում է, որ այսօր երիտասրադները ունեն մեծ սեր եւ հետաքրքրություն ժողովրդկան երգի հանդեպ, այդ հարցում իր մեծ ներգործությունը ունեցան ժողովրդական արվեստին անդրադարձող մի շարք նախագծեր: Միաժամանակ պետք է նկատեմ նաեւ, որ մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ կատարողներ, որոնց շարքում հատկապես կառանձնացնեմ Վարդան Բադալյանին, Սեւակ Ամրոյանին, Արմեն Դավթյանին, նրանք եւ էլի շատերը վստահաբար ապագայում ավելի լավն են դառնալու:

Վերջերս կրկին հայր եք դարձել: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Այո, որդիս արդեն 2.5 ամսական է, ով մեր ընտանիքում յուրահատուկ ջերմություն է բերել իր գալուստով: Նրանից բացի ունեմ նաեւ երկու դուստր եւ հրաշալի կին:

Աղջիկները հաստատ արդեն կունենան իրենց հետաքրքրությունները, դրանք երգի շուրջ ծավալվո՞ւմ են:

- Մեծ աղջիկս շատ է սիրում պարել, իսկ փոքրիկ աղջիկս հաճախում է ջութակի դասերի, ինչպես նաեւ երգում է, նրա մոտ նկատում եմ երգի հանդեպ սերն ու տաղանդը, բայց  որպես իրենց հայրիկ երգիչ, հետեւելով մեր ազգային մտածելակերպին, ես այնքան էլ չէի ցանկանա, որ աղջիկս երգչուհի դառնա: Միաժամանակ, եթե նա կկարողանա հետագայում բարձր մակարդակով ներկայացնել երգը, որը նաեւ կկրթի լսողներին, ապա դեմ չեմ լինի: Բոլոր դեպքերում, ուրախ եմ, որ երեխաներս արվեստը սիրում են, քանի որ արվեստը հղկում ու մաքրում է մարդու հոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее