Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կանայք շարունակում են սպասել ու ստանալ շնորհավորանքներ:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն այս մեկամսյակը գեղեցիկ տոն է համարում:
«Պլատոնը մի երկխոսություն ունի, որ կոչվում է՝ «Խնջույք»: Փիլիսոփաները տարբեր հարցերի շուրջ բանավիճում են և նանցից մեկը պատմում է, թե սկզբնապես, երբ մարդիկ առաջացան երկրագնդի վրա, կանայք և տղամարդիկ միավորված էին, գնդաձև արարածներ էին, սակայն նրանք այնքան հզոր էին, որ Զևսը վախեցավ, ու հանձնարարեց Ապոլլոնին, որ թրով կիսի: Այդ օրվանից կանայք և տղամարդիկ փնտրում են իրենց կեսերին, և կամ գտնում են, կամ չեն գտնում:
Կանանց և տղամարդկանց հոգեբանական նմանությունները, իհարկե, շատ են, բայց տարբերությունները ավելի աչքի զարնող են: Օրինակ՝ կին առաջնորդը էապես տարբերվում է տղամարդ առաջնորդից: Կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում կանանց ու տղամարդկանց միջև զգալի տարբերություն դնելուն՝ անընդհատ ասելուն՝ աղջիկ ես, տեղդ իմացի՛ր, չափդ ճանաչի՛ր և այլն, Կարինե Նալչաջյանը նկատեց.
«Սա, իհարկե, անտակտ խոսելաձև է, տհաճ երանգ ունի, բայց, որ մենք տարբեր ենք և դա գեղեցիկ ու անհրաժեշտ է, փաստ է: Այլ խնդիր է, երբ իրար կոպտում են: Կինը և տղամարդը սոցիալական հատուկ դերակատարում ունեն: Պատկերացրեք՝ ինչքան տգեղ, անհետաքրքիր ու անբնական կդառնար աշխարհը, եթե կանայք տղամարդկային, տղամարդիկ էլ կանացի կազմվածք ունենային: Եվ այն, թե իրեն ինչպե՞ս պետք է պահի աղջիկը, դրանք սոցիալական պահանջներ են: Մենք մեր դերն ու տեղը պետք է հասկանանք: Տղաներն էլ շփման կուլտուրա պետք է ունենան, նման կոպիտ, գռեհիկ ցուցումներ չտան»:
Անդրադարձանք նաև հայհոյող կանանց.
«Հայհոյելը միշտ տգեղ է, բայց, երբ կինն է հայհոյում, դա առավել անտանելի է: Երբեմն ամենաշատը 2-3 րոպե նայում եմ հայկական չարաբաստիկ սերիալները, ինձ ամենաշատը վիրավորում է հայ կնոջ ստեղծված կերպարը.մի տեսակ դժգոհ, մուննաթ, ոչ կանացի: Զարմանում ու դժգոհում ես, թե այս ի՞նչ են էկրան բարձրացրել, մի՞թե այսպիսին է հայ կինը: Հետո, երբ դուրս ես գալիս, շփվում ես, մի լավ շունչ ես քաշում, որովհետև տեսնում ես իրական հայ կնոջը, իսկ ցուցադրվողը ինչ-որ այլանդակված կերպար է: Կինն այնպիսի նուրբ, երբեմն չերևացող մեխանիզմներ ու լծակներ ունի, որը նրան ուժեղ է դարձնում: Սրանք կարելի է օգտագործել լավ, բարի նպատակներով: Կանայք ու տղամարդիկ չպետք է իրար թերագնահատեն: Եթե տղամարդը կնոջ կողմից, նրա մտքում թերագնահատված է, ուրեմն միասնություն ու հաջողություն երբեք չի լինի: Վտանգվում է նաև երեխաների հոգեկան աշխարհը:
Անի Կարապետյան


