▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան էլ հայ չեմ. Նիկ Եգիբյան

394099_471528812892209_1543789800_nԵրգիչ, երգահան Նիկ Եգիբյանն իր համար երգեր գրելու ժամանակ չունի, փոխարենը` դա անում է գործընկերների համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայ երգարվեստում առանձնանալու բարդություններին, պարզաբանել, թե ինչու հայերեն երգեր չի գրում եւ չի թաքցրել, որ իր երակներով հոսում է նաեւ հրեական արյուն:

-Նի՛կ, վերջին շրջանում ինքներդ նոր երգով հանդես չեք գալիս, փոխարենը` աշխատում եք տարբեր երգիչների հետ. համագործակցությունը հե՞շտ է ստացվում:

-Հիմա երգիչ-երգչուհիների համար գրած ստեղծագործություններիս վրա եմ աշխատում, իսկ իմ սեփական երգի վրա աշխատելու ժամանակ պարզապես չկա: Համագործակցում եմ Սոֆի Մխեյանի, Աննա Խաչատրյանի, Ռաիսա Ավանեսյանի եւ այլ արտիստների հետ: Նաեւ որպես հոբբի զբաղվում եմ ռեժիսորությամբ: Հայ երգիչների հետ աշխատանքի դժվարությունը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ նրանցից շատերն իրենց սեփական կարծիքը չունեն, երգարվեստին առնչվող հարցերի շուրջ հարցուփորձ են անում սրան-նրան եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց խորհուրդների հիման վրա եզրակացություններ են անում: Իսկ ինձ հիմնականում դիմում են մարդիկ, որոնք ցանկություն ունեն հայկական ստանդարտից դուրս ինչ-որ բան ստանալ:

-Երգերը, որոնցով Դուք հանդես եք գալիս, հիմնականում անգլերեն են: Չե՞ք վախենում, որ Ձեզ կարող են քննադատել` օտար լեզուն մայրենիից գերադասելու համար: Կասեն` ի վերջո, Դուք հայ եք, Ձեր մայրենի լեզուն էլ հայերենն է…

-Դե այնքան էլ հայ չեմ, բայց ոչինչ… (ծիծաղում է):

-Այսինքն` Ձեր մեջ այլազգիի արյուն էլ է հոսու՞մ:

-Այո, ես կիսահրեա-կիսահայ եմ. հայրս հրեա է… Բայց ով ինչ ուզում է` թող մտածի. եթե ես հայերեն երգելով` ինձ չեմ զգում՝ ինչպես ձուկը ջրում, ես դա չեմ անի: Գիտեմ, որ Հայաստանում ընդունվելու համար հարկավոր է հայերեն երգել, սակայն իմ դեպքում դա սուտ կլինի: Երբ ես հայերեն եմ երգում, ոչ ոք ոչ մի բառ չի հասկանում: Ես չեմ զգում հայերենն այնպես, ինչպես անգլերենը. այս լեզվով ես ավելի հեշտությամբ եմ էմոցիաներս հաղորդում ունկնդրին, ինքս անգլերեն տեքստեր եմ գրում, ուրիշի գրած հայերեն տեքստերով երգել էլ չեմ ուզում:

-Իսկ հայաստանյան շուկայում առանձնանալը ձեռնտու՞ է:

-Դա հեշտ է, բայց ձեռնտու չէ: Տարիների ընթացքում ստեղծված «քառակուսուց» դուրս ինչ էլ անես` առանձնանում ես, բայց դա ձեռնտու չէ, քանի որ մեր ազգը «քառակուսի» բաներ սիրում է եւ, բնականաբար, դրա դիմաց լավ է վճարում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее