1981 թվականից նոյեմբերի 25-ը նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումները ցույց են տվել՝ ՀՀ-ում բռնության դեպքեր կան թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: 80 տոկոսի դեպքում հոգեբանական բռնությունն է: Կա նաև սոցիալականը:
«Եթե կինն առաջին անգամ իր նկատմամբ բռնություն է թույլ տալիս, ապա դա սովորական երևույթ է դառնում: Այն կանայք, ովքեր ունեն լավ եղբայրներ, ամուր ընտանիք, նրանց նկատմամբ բռնություն չի լինում: Եղբայրը եթե տեր է լինում քրոջը ու միշտ նրա կողքին է, փեսան կվախենա: Երբ որ ԶԱԳՍ-ում առաջարկեցի մտցնել թեստային համակարգ, որի հիմքում զույգերի համապատասխան լինելն էր, հնարավոր բախումները, վարիչներն ասացին՝ ոչ: Բայց մենք կարող էինք հետազոտել՝ ինչպե՞ս է տղայի հայրը եղել ընտանիքում: Եթե նա հարվածել է կնոջը, հնարավոր է՝ տղան էլ այդպիսին լինի: Դժբախտաբար, մենք ապրում ենք բառադի ու աչքաչափով»:
Սոցիոլոգը տեղեկացնում է՝ գտել են, որ կանանց գործազուրկ լինելու հանգամանքը պայմանավորված է սեռական ոտնձգություններով:
«Եթե համաձայնում է՝ շարունակում է աշխատել, եթե ոչ՝ աշխատանքից ազատում են»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ սեռական բռնություն գործում են նաև ազգականներն ու հարևանները, երբ ամուսինը տանը չի լինում:
«Սեռական ոտնձգության դեպքեր գրանցվում են նաև գիտական ոլորտում: Բոլոր գիտական ղեկավարներն ասպիրանտ կանանց հետ փորձում են մերձենալ, եթե ոչ՝ թեկնածու չեն դառնում»,-ասաց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը կարևորեց ՀՀ-ում ուսումնավարժական կենտրոնների առկայությունը, որտեղ կանայք ինքնապաշտպանության համար դասընթացների են հաճախում:
Անի Կարապետյան


