Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Յուրի Իգիթխանյանի հետ, ում կերտած կերպարների տեսակները գրեթե միշտ կապված են եղել իր սլավոնական արտաքինի հետ: Նոր առաջարկներից հրաժարվելու պատճառների, առաջիկա ծրագրերի եւ ընտանիքի մասին է մեզ հետ զրույցում պատմել դերասանը:
Յուրի, հեռուստադիտողը պարբերաբար Ձեզ տեսնում էր սերիալներում, տարբեր նախագծերում, բայց վերջին շրջանում կարծես այդ առումով պասիվություն եք ցուցաբերում, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:
Ես այս ամենը չէի կոչի պասիվություն: Վերջին նախագիծը «Տնփեսա» սիթքոմն էր, որից հետո մի քանի առաջարկներ ստացել, բայց մերժել եմ դրանք, քանի որ կրկին ինձ առաջարկում էին մարմնավորել ռուս մաֆիոզների, փաստաբանների, բժիշկների կերպարներ, ինչն ինձ համար անհետաքրքիր է արդեն: Պրոդյուսերները ինձ նորից ուզում էին վերադարձնել այն կետին, որով սկսել եմ իմ կարիերան, ինչը ես չէի ուզում: Միաժամանակ, նկարահանվեցի երկու գեղարվեստական նախագծերում. առաջարկներ հաճախ եմ ստանում, տեսնենք, թե ինչպես կլինի:
Այս շրջանում ի՞նչ զբաղվածություն ունեք, որքանով տեղյակ եմ այս պահին որեւէ թատրոնի աշխատակից չեք: Գուցե ծրագրե՞ր կան առաջիկայի համար:
Այո, թատրոններից ոչ մեկում չկամ ներկա պահին: Ռեպերտուարային թատրոնը ինձ նման անհանգիստ դերասանի համար խնդիրներ առաջացնող մի վայր է: Այսինքն՝ այն ամեն ինչով, որով ես զբաղվում եմ եւ վաստակում եմ, ու փառք Աստծո, ճակատս պարզ կարողանում եմ ընտանիքս լավ ապահովել, անհամատեղելի էր թատրոն հասկացության հետ: Բայց եթե խոսեմ թատրոնի մասին, իմ կյանքում, իհարկե, այդ տեղը բաց է, գուցե շուտով կներկայացնեմ մի թատերական նախագիծ, ուր կներկայանամ ոչ միայն որպես դերասան, այլեւ պրոդյուսեր:
Յուրի, երկար տարիներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էիք, չե՞ք զղջում, որ դուրս եկաք:
Այո, ուղիղ 9 տարի աշխատեցի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ու այս թատրոնին շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ոչ, չեմ զղջում, ես ապրում եմ ապագայով, ոչ թե անցյալով: Այդ որոշումը կայացրեցի երկար մտածելուց հետո միայն, ինչից հետո, բնականաբար, պետք է չփոշմանեի:
Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում այսօրվա հայկական թատրոնին եւ հեռուստատեսությանը:
Թատրոնին պակասում է ժամանակակից մտածելակերպը. մենեջմենթ, պրոդյուսինգ, էքշն, ռեժիսուրա, լավ նկարիչներ… այսինքն՝ 21-րդ դար: Իսկ հեռուստատեսությանը պակասում է երեւի ամեն ինչ, մասնավորապես երեւի գումարներ է պակասում:
Դուք նկարահնավել եք առաջին սիթքոմներից մեկում՝ «Տնփեսայում», իսկ այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սիթքոմներ ունեն: Ի՞նչ եք կարծում, սիթքոմային բազմազանությունը որակի վրա ազդո՞ւմ է:
Սիթքոմային ժանրում իմ առաջին փորձն էր «Տնփեսան»: Ինձ շատ դուր եկավ այդ ժանրում աշխատելը: Այն, որ այսօր շատացել են սիթքոմները, կարծում եմ, պետք է իր լավ անդրադարձը ունենա որակի վրա, քանի որ մրցակցությունից կարող են լավ գործեր ստեղծվել. հույս ունենանք:
Յուրի, գիտեմ, որ Ձեր կինը եւս դերասանուհի է, հետաքրքիր է՝ որո՞նք են դերասանների ընտանիքի առավելություններն ու թերությունները:
Այո, կինս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Սարգսյանն է: Այս հարցի պատասխանը իր մեջ մեր պատմության մի մասն է ներառում. տարիներ առաջ ես ու կինս մեր միության առաջին իսկ օրվանից պայմանավորվեցինք, որ մեր տանը չի քննարկվելու աշխատանքի մասին թեմաները, այդ թվում թատրոնը, մենք հենց այդպես էլ վարվում ենք մինչ օրս: Իհարկե, որպես ամուսիններ հետաքրքրվում ենք, թե օրինակ ինչպե՞ս անցավ փորձը կամ ներկայացումը, ես փորձում եմ խորհուրդներ տալ նրան, կինս՝ ինձ, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է. յուրաքանչյուր ինտրիգ մնում է դրսում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում