Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ առաջին վախը Նիկոլ Փաշինյանից․
«Հիսուս Քրիստոսը ինձ համար իդեալ է, իմ հարազատն է, իմ ինքնությունն է, իմ հոգին է, իմ սիրտն է, իմ միտքն է, ես՝ ապրում եմ Հիսուս Քրիստոսով»։
Այս խոսքերը, որ ասաց Հայաստանի վարչապետը իր վերջին մամուլի ասուլիսում, ինձ հիշեցրեց ու տարավ 2019 թվականի աշուն՝ Միլան, Իտալիա:
Դա այն օրն էր, երբ Միլանի հայկական եկեղեցի մտան երեք ադրբեջանցիներ և հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց իմ հիշողության մեջ այդ օրը մտել է բոլորովին այլ պատճառով:
Եվրոպական մի քանի երկրներով դասախոսական ելույթների շարքում այդ օրը երեկոյան Միլանի «Հայ տուն» կենտրոնում ես ելույթ էի ունենալու «Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով:
Փարիզից Միլան էի հասել կեսօրից առաջ, և, բնականաբար, տեղեկանալով, որ Հայաստանի վարչապետը ելույթ է ունենալու հայկական եկեղեցում հենց կեսօրից հետո, առիթը չէի կարող բաց թողնել:
Այդ օրը առաջին անգամ վախեցա Նիկոլ Փաշինյանից: Ես, իհարկե, պարոն Փաշինյանին բավական երկար ժամանակ եմ ճանաչում, ինքն էլ ինձ՝ դեռ 90-ականներից՝ համալսարականան տարիներից: Ես վախեցա նրա ելույթից, ավելի ճիշտ այն հատվածից, երբ ՀՀ վարչապետը Աստվածաշունչ էր մեկնաբանում: Թավշյա հեղափոխությունը նրան վարակել էր մի հիվանդությամբ, որ անուն չունի, բայց ունի ախտորոշում՝ մարդը իրեն համարում է մեսիա, առաքյալ, անսխալական, ազգի ընտրյալ, անփոխարինելի առաջնորդ:
Ահա դրանից վախեցա ու այդ մասին շատ եմ պատմել ընկերներին՝ մեղ շրջապատում:
Բնականաբար, ես կասկածի տակ չեմ դնում որևէ մարդու, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի՝ Քրիստոսին սիրելու, քրիստոսաբար ապրելու, Աստծուն հավատալու հրապարակային պնդումը, բայց Միլանի եկեղեցու նրա ելույթը ինձ վախեցրեց:
Այսօր և վարչապետ ընտրվելուց ի վեր՝ հետևելով պարոն Փաշինյանի հրապարակային ելույթներին ու որդեգրած քաղաքականությանը, տեսնում եմ, որ նա, ցավոք, տառապում է անսխալականության ախտանիշով: Ինքը համոզված է, որ ինչ անում՝ ճիշտ է անում, ինչ ասում՝ ճիշտ է ասում, անգամ, երբ նույն թեմայի շուրջ արտահայտում է տրամագծորեն հակառակ տեքստ:
Երբ «պատմական սելֆի» էր անում և համբուրում Ամենայն Հայոց կաթողիկոսի պարզած խաչը՝ Փաշինյանի համար նա Գարեգին Բ էր, այսօր, երբ համառորեն մտադրվել է Մայր Աթոռից՝ Վեհարանից հանել Գարեգին Բ-ին, նրա համար այլևս Կտրիճ Ներսիսյան է:
Երբ Շուշիում շուրջպար էր բռնվել իր սիրելի ժողովրդի հետ, պարոն Փաշինյանի համար «Արցախը Հայաստան էր ու վերջ», աղետալի պարտությունից հետո, որի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորներից մեկն ինքն է, բայց ոչ միակը, վարչապետի համար Շուշին «դժգույն և դժբախտ քաղաք է»:
Այս շարքը կարելի է շարունակել, սա անվերջ շարք է, իսկ պարոն Փաշինյանը իմ ճանաչած ամենահետևողական անհետևողական պետական, քաղաքական գործիչն է: Ու չգիտես՝ նույն հարցի շուրջ նրա որ տեսակետն ու խոսքը մեջբերես»:
|