▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ հիասթափությունից դարձա ավելի հասուն, ուժեղ ու կշռադատող. Նարե Գևորգյան

 

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է երգչուհի Նարե Գեւորգյանը:

Նարե, վերջին ամիսներին ավելի ակտիվ գործունեություն եք ծավալում ու գիտեմ, որ այս պահին էլ զբաղված եք նոր աշխատանքներով. Մի փոքր կպատմե՞ք առաջիկա անելիքների մասին:

- Վերջերս ինձ միանգամից երկու հեռուստասերիալների սաունթրեքներ ներկայացնելու հնարավորություն ընձեռնվեց. երգում էի «Ուրիշի հոգին» սերիալի սաունդթրեքը, որն արդեն ավարտվեց, իսկ առաջիկայում իմ ձայնը կհնչի «Թաքնված սեր» հեռուստասերիալի շրջանակներում: Սա շատ գեղեցիկ ու զգացմունքային երգ է, որի հեղինակն է Գիսանե Պալյանը, առաջարկն էլ հենց նրա կողմից եղավ, իր խոսքով՝ միայն ինձ էր պատկերացնում այս երգը երգելիս, ինչի համար շատ ուրախ եմ: Շատ գեղեցիկ գործիքավորում է արված, որն էլ իրականացրել է Գիսանեի ամուսինը՝ Կարեն Արզումանյանը: Նաեւ այս շրջանում զբաղված եմ իմ նոր երգի պատրաստման աշխատանքներով. «Իմ փոխարեն» երգի հեղինակ՝ Լիանա Թորոսյանն ինձ նվիրել է մի նոր երգ, որը «Իմ փոխարենի» տրամաբանական շարունակությունը կարծես թե լինի: Նոր երգս կոչվում է «Անձրեւ», որը հավանաբար տեսահոլովակով կներկայացնեմ: Ի դեպ՝ շատ հուզվեցի, երբ Լիանան ասաց, որ շատ է հավանել իմ կատարմամբ «Իմ փոխարենը» ու ուզում է իր մյուս երգն ինձ նվիրել:

Նարե, դուք միշտ էլ աչքի եք ընկել Ձեր համեստ գործելաոճով, մինչդեռ, երբ նախագծերից հայտնի դարձաք, Ձեզ հետ մրցող այլ երգիչներ ավելի մեծ քայլերով առաջ գնացին: Համեստ գործելաոճը նույն տեսակի բնավորություն ունենալու հետեւա՞նք է:

- Ես չեմ ասի, որ ես թերացել եմ որեւէ հարցում կամ չեմ աշխատել, պարզապես կան երգիչներ, ովքեր աշխատում են մեծ թիմի հետ եւ հանրայնացրել են այդ ամենը, եւ ես էլ ուրախ եմ նրանց համար, քանի որ լավ թիմ ունենալը երգչի համար շատ կարեւոր է: Ես համաձայն չեմ, որ «Շանթ» Հ/Ը-ից դուրս եկած երգիչները վատ երաժշտություն են մատուցում, որքան էլ նրանք երգեն պրիմիտիվ երգեր, միեւնույն է, ձայնի որակն ու պրոֆեսիոնալ երգելաձեւը մնալու է նույնը: Ես այս տարիների ընթացքում քանիցս նոր երգեր եմ ձայնագրել, երգել եմ դրանք իմ բենդի հետ, բայց հեռուստատեսություն այդ ամենը չեմ հասցրել: Եթե անկեղծ լինեմ, երբեք հայտնի դառնալու եւ ավելի շատ տարածում ունենալու ձգտում չեմ ունեցել, ես զբաղվել եմ ու շարունակում եմ զբաղվել իմ սիրելի գործով:

Ուզում եմ հասկանալ՝ Ձեր երգերը դուք չե՞ք ներկայացրել հեռուստատեսություններին, թե՞ Ձեզ մերժել են:

-Անկեղծ ասած, շատ չեմ էլ պայքարել: Մի անգամ եմ մերժման արժանացել. տարիներ առաջ, երբ «Սուպեր սթարը» նոր էր ավարտվել, մեջս ամեն ինչ եռում էր, միայն հայտնիության մասին էի մտածում, այդ ժամանակ տեսահոլովակ նկարահանեցի ու դիմեցի տարբեր հեռուստաընկերությունների, որոնցից մեկը հրաժարվեց ցուցադրել: Այդ ժամանակ մի փոքր կոտրվեցի ու հիասթափվեցի, բայց, փառք Աստծո, այդ հիասթափությունից դարձա ավելի հասուն, ուժեղ ու կշռադատող:  Հիմա չեմ էլ մեղադրում այդ TV-ներին ինձնից հսկայական գումար պահանջելու համար, այդ ժամանակ այդ գումարն էլ ունեի, բայց ուղղակի չցանկացա նման կերպով տեսահոլովակս ներկայացնել:

Նարե, երգչին տաղա՞նդը, թե՞ գումարը կարող է հայտնիություն բերել:

-Կարծում եմ՝ սա հարաբերական հարց է: Մենք ունենք տաղանդավոր շատ երգիչներ, ովքեր չունեն ոչ մի տեսահոլովակ, բայց արդեն հայտնի են ակումբային համերգներով, միաժամանակ ունենք շատ երգիչներ, ովքեր չունեն տաղանդ, բայց գումարի միջոցով կարողացել են հայտնի դառնալ:

Հետաքրքիր է՝ այսքան զբաղվածության մեջ անձնական կյանքի մասին հասցնո՞ւմ եք մտածել:

- Կարծում եմ՝ որքան էլ զբաղված լինենք, անձնական կյանքի մասին հասցնում ենք մտածել:  Ես էլ եմ մտածում անձնական կյանքիս մասին,  բայց հստակ քայլեր դեռեւս չեմ ձեռնարկել, այդ առումով ինձ մոտ հիմա պասիվ շրջան է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее