Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում մեծ շուքով նշվեց Սպարապետի օրը, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայոց բոլոր սպարապետներին: Որոշվել էր միջոցառումների շարքն անցկացնել հենց Խնձորեսկում, քանի որ այստեղ է գտնվում ազգային հերոս Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Լավ արարողություն է, եթե մասնակիցներից հարցազրույց չվերցնեն։ Անկեղծ ասած, երբ նման մի լավ բան է լինում ու լրագրողը մոտենում է որևէ պաշտոնյայի կամ մասնակցի, որ հարցազրույց վերցնի, մի տեսակ լարվում եմ՝ հիմա տոնն իր խոսքով կփչացնի։ Իրոք, տոնը, արարողությունը մոռացվում և այդ խոսքն է քննարկման կիզակետում հայտնվում։ Ահա թե ինչ է տոնի մասին ասում Շարմ Հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը․ «Սպարապետի օրը լավ առիթ է հարևաններին ցույց տալու համար, որ մենք այստեղ ենք, քեֆ ենք անում եւ պատրաստ ենք ցանկացած պահի դիմակայել, եթե հանկարծակի որոշեն ինչ-որ քայլերի դիմել»: Ա՜յ քեզ փորձանք․․․ Ուրեմն ստացվում է, որ այս օրը նշում ենք ոչ թե մեր ներքին մղումից դրդված, «այլ հարևաններին ցույց տալու համար»։ Դա էլ բավական չի՝ հարևաններին պիտի ցույց տանք, որ այստեղ քեֆ ենք անում․․․ Հարևանները որ իմանան այստեղ քեֆ ենք անում, ուրեմն էլ չեն համարձակվի «մոտ գալ մեզ»։ Ամենա․․․ ամենան այն է, որ ասում է, թե ունենք գաթայի, խորովածի օր․․․ Գոնե չասեր դա, ասելուց էլ նման կարգի Մեծ տոնը չհամեմատեր այդ տոների հետ․ «Ունենք գաթայի, խորովածի օր եւ նմանատիպ տոներ, սակայն չկար դրանց մեջ ռազմական ոգով տոն, բացի բանակի տոնից»: ՀԳ Ես էլ անընդհատ միտք եմ անում, թե Հայաստանում այդքան շքեղ, թանկ քեֆ- ուրախություններ, խնջույքներ ինչու՞ են անում, երբ երկիրը, մեղմ ասած քաղցած է։ Դու մի ասի՝ թշնամու աչքն ենք հանում․․․
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am


