
Վերջին շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի անվան շուրջ: Դժգոհությունների հիմնական պատճառն այն է, որ դպրոցն իբր առաջին դասարան է ընդունում ոչ բոլոր դիմողներին, այլ ինչ-որ տարօրինակ սկզբունքով է առաջնորդվում: Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը զրուցել է դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի հետ:
«Դպրոցը գերծանրաբեռնված է, դժգոհություններն ու բողոքները հիմնականում գալիս են այն մարդկանցից, ովքեր նոր պետք է իրենց երեխաներին բերեն առաջին դասարան: Նախկինում արդեն հունվար-փետրվար ամիսներին մենք կարողանում էինք նախապես հավաքագրել և մոնիթորինգ անել, թե քանի առաջին դասարանցի ենք ունենալու, քանի ուսուցչի կարիք կա և այլն: Մենք մեզ համար գրում էինք այն դպրոցահասակ երեխաների անունները, որոնց եղբայրները կամ քույրերը սովորում էին մեր դպրոցում, դա մեզ մոտ ընդունված էր, քանի որ այդ ձևով ցանկանում էինք հասկանալ՝ արդյո՞ք այդքան ուսուցիչներ ունենք: Հավանաբար լսելով մեր նախկին աշխատելաոճի մասին` մարդկանց մեծ հոսք է սկսվել դեպի դպրոց: Այս տարի, սակայն, մենք կկարողանաք ընդամենը մեկ առաջին դասարան բացել` դասասենյակներ չլինելու պատճառով»,- պարզաբանեց տիկին Հովհաննիսյանը:
Վերջինս մեզ հետ զրույցի ընթացքում նշեց այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու են առաջին դասարանի աշակերտներին ընտրելիս.«Բարձրացել է շատ մեծ աղմուկ, մարդիկ դժգոհում են, երբեմն նաև տգեղ են արտահայտվում, դպրոցի ցերեկային պահակն ունենում է խնդիրներ այդ մարդկանց հետ: Այս դեպքում նման ծնողներին նույնպես իրավունք չունենք մեղադրելու, չենք կարող ասել, որ նա իր երեխային պետք է տանի իր տանն ավելի մոտ գտնվող դպրոց. դա արդեն միայն նա կարող է որոշել: Կարծում եմ՝մեր դպրոցը կայացել է՝ տարածվելով, տալով որակ: Այսօր երիտասարդները շատ են կարևորում գիտելիքը, կրթությունը, ուստի՝ նախընտրում են իրենց երեխային տանել այնպիսի դպրոց, որտեղ բարձրակարգ կրթությունն ապահովված է: Այս ամենի պատճառով մեր դպրոցը դարձել է «դժվար» դպրոց, դժվար այն առումով, որ այն նախատեսված է 360 աշակերտի համար, այն իր շենքային հնարավորություններով չի կարող սպասարկել 1200 աշակերտի, բայց ստիպված անում ենք մեր գործը՝ ուժերի գերլարումով: Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ ցանկանում են հասկանալ, որ եթե այդ մեկ դասարանը բացվի, ինչ սկզբունքով են ընտրվելու այդ դասարանի աշակերտները: Սկզբում ես կարծում էի, որ այդ դասարանում պետ է ներառվեին մեր դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցողները, սակայն նրանց թիվն ավելի շատ է: Այդ պատճառով մեք որոշել ենք այդ դասարանում ներառել այն երեխաներին, ովքեր ապրում են հարակից տարածքում: Կարծում եմ, որ Աջափնյակից, Քանաքեռ-Զեյթունից, Դավիթաշենից և քաղաքի տարբեր մասերից աշակերտները պետք է չգան , նրանք առավոտյան պետք է չնստեն մեքենա կամ երթուղային դպրոց հասնելու համար, այլ վազելով արագ հասնեն դպրոց»,- պատմեց մեր զրուցակիցը:
Տնօրենը մեծ խնդիրների առջև է կանգնել ստեղծված իրավիճակի պատճառով, թեև խոստովանում է, որ ջանք չի խնայում ծնողներին հասկացնելու համար դրա պատճառը:
«Բնական է, որ այդ ծնողներն առաջին հերթին ցանկանում են տեսնել տնօրենին, սակայն այս դեպքում ես որևէ նոր բան չեմ ասելու: Մենք հայտատարություն ենք փակցրել, որ դպրոցում ընդունելության հարցերով մարդկանց կլսենք հունիսի 1-ից, սակայն ծնողների զանգերն ու այցելությունները չեն դադարում: Ես բոլորին նույն բանն եմ պատասխանում՝ չնայած իմ զբաղվածությանը. այս օրերին ամփոփվում է տարին, տնօրինության կողմից անցկացվում են գրավոր աշխատանքեր, հիմա մենք պետք է ամփոփենք աշակերտների 120-200 ժամ բացակայությունները, պատրաստվենք քննություններին, իսկ այդ ամբողջ ընթացքում ես պարտավոր եմ բոլորին ժպիտով պատասխանել՝ չնայած պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ երբեմն նյարդերս տեղի են տալիս: Շատ տգեղ է, երբ մարդիկ պատրաստ են իրենց երեխային վստահել քեզ, իսկ դու ասում ես, որ դպրոցում տեղ չունես»,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ խնդիրն իրականում ավելի լուրջ է. «Այստեղ խնդիրն ավելի խորքային է. մեր դպրոցի շրջապատում կա 5-6 հիմնական դպրոց: Ինչու՞ պետք է դպրոցների միջև տարբերություն լինի. այս հարցը ես ինքս եմ տալիս, սակայն պատասխանն ինքս չգիտեմ: Ծնողները համաձայն են անգամ իրենց երեխաներին երկրորդ հերթ բերել, սակայն այդ դասարաններն էլ տարրական դասարանի աշակերտների համար չեն նախատեսված, որ երբ փոքրիկ երեխան նստում է նստարանին, պետք է ոտքերը հատակին դիպչեն, ես իրավունք չունեմ խաղալու երեխաների առողջության հետ: Մենք այս պահին ունենք 38 դասարան, ուսուցիչներն արդեն ուժասպառ են լինում, նրանք դժգոհում են, որ շատ դժվար է աշխատել, երբ մի դասարանում 35 աշակերտից ավել աշակերտ կա, մանավանդ այս դարի երեխաներ շատ աշխույժ են, հետաքրքրասեր, անընդհատ հարցերն են տալիս, որոնց ուսուցիչը պարտավոր է պատասխանել»:
Չնայած տհաճ խոսակցություններին` տիկին Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, հպարտանում է, որ 12 տարվա ընթացքում կարողացել է դպրոցը հասցնել այն մակարդակի, որ ծնողներն իրենց երեխային ցանկանում են հենց այդ դպրոց բերել: «Բոլոր առարկաների կարևորում, հոգատար վերաբերմունք աշակերտների նկատմամբ, տնօրենի պարտադիր մշտական ներկայությունը դպրոցում. ահա այն նախապայմանները, որոնց շնորհիվ մեր դպրոցը դարձել է ամենապահանջվածներից:
Նշենք, որ դպրոցում մեր շրջայցի ժամանակ միջանցքում մեզ մոտեցավ դպրոցի «հնաբնակ» ուսուցիչներից մեկը և ասաց, որ երբ տիկին Հովհաննիսյանը դարձավ տնօրեն, դպրոցի առաջին դասարանում սովորում էր ընդամենը 5 աշակերտ, հետո, իհարկե, բացվեցին 2 դասարաններ: Այնուհետև մեր զրուցակիցը հպարտությամբ ավելացրեց, որ հիմա արդեն չեն կարողանում ցանկացողների հոսքի դեմն առնել, ու այդ ամենը հիմնականում շնորհիվ դպրոցի տնօրենի կազմակերպական ջանքերի: Ի դեպ, վեջում նաև խնդրեց, որ իր անունը չհրապարակենք, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե տնօրենին է հաճոյանում:
Այդ պահին մեզ մոտեցավ մի կին ու վրդովված նշեց, թե իրեն մերժել են. «Ասացին` թոռանդ տար մոտակա դպրոց, որը մի քանի քայլի վրա է, որտեղ բավական քիչ աշակետներ կան ու աշխատանքային պայմաններն ավելի լավ են: Բայց, շենքային պայմանները լավ են ու աշակերտները քիչ, քանի որ կրթական որակն է ցածր, ես ինչպե՞ս թոռնիկիս ոգևորեմ ու դպրոց ուղարկեմ, երբ ինքնս եմ կոտրված այն բանից, որ ինձ մերժում են իմ ուզած դպրոցում, ինչ է թե տեղ չունեն»:
Ի դեպ, թեպետ մեր զրուցակիցը բավական համաձակ էր ու բորբոքված, բայց նա էլ գերադասեց չներկայանալ, քանի որ հույսը չէր կտրել, որ, այնուամենայնիվ, իրեն կհաջողվի թոռանն այս դպրոց բերել:
Մեր տեսածով ու լսածով մի փոքր կիսվեցինք դպրոցի տնօրենի հետ ու շարունակեցինք նրա հետ մեր զրույցը:
«Բնական է, ասաց նա, դպրոցում չկային տարրական դասարանների ուսուցիչներ, ամեն տարի մենք խնդիր ենք ունենում նաև մասնագետներ գտնելու, ավելին՝ մարդ մասնագետ, քանի որ հատկապես տարրական դասարաններում պիտի աշխատեն շատ բարի, հոգատար և գրագետ ուսուցիչներ: Եթե առաջին երկու նախապայմանները բացակայում են, գրագիտությունն ինձ բացարձակ պետք չէ, որովհետև երբ 6 տարեկանը չլրացած երեխան դպրոց է գնում, նա մոր խնամքի կարիք ունի, և այս դեպքում դասվարը պետք է պատրաստ լինի 35 աշակերտի համար մայր լինել»:
Զրույցի վերջում Արմինե Հովհաննիսյանը նշեց. «Ես միայն մի բան եմ ուզում, որ մարդիկ հասկանան իրավիճակը, որ հասկանան, որ այս դեպքում ես ոչինչ անել չեմ կարող, որ իրենց երեխաներին վստահեն այլ դպրոցների տնօրենների ևս»:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան


