Blognews.am-ը գրում է.
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կայքը ընտանեկան ֆոտոշարք է արել դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, ով զրուցել է նաև կանացի երջանկության, ճակատագրի անակնկալների, ամուսնու և երեք երեխաների հետ հարաբերությունների ու կանացի այլ թեմաների շուրջ:
Առաջնահերթ՝
կնոջ երջանկությունը մայրությունն է: Բնությունից է դա տրվում կնոջը, այսինքն՝ հենց ծնվելու պահին աղջիկն արդեն ապագա մայր է: Ու լիակատար երջանկությունը կնոջ համար գալիս է այն ժամանակ, երբ կա սերն ու դրանից ծնված պտուղը: Կինը նաև երջանիկ է, երբ ինքնաբավ է: Սա շատ կարևոր հատկանիշ է, ու սովորաբար այն կրող կինը ինքնավստահ է ու լիարժեք:
Ոչինչ միանշանակ չէ: Ամեն անգամ երջանկության թեմայից խոսելիս գալիս եմ մի մտքի՝ «երջանկություն» ասվածը շատ անհատական հասկացություն է. ամեն մարդ նրա մասին իր պատկերացումն ունի ու հետևաբար երջանիկ է այն ժամանակ, երբ այդ պատկերացումներն ու իրականությունը համընկնում են:
«Կա՛մ աշխատանք, կա՛մ ընտանիք. երկուսը միասին հնարավոր չէ»: Չկա նման բան, սա շատ թյուր պատկերացում է: Կարծում եմ՝ այս միքտը նրա համար է, որ յուրաքանչյուր կին իր օրինակով փորձի հերքել այն: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ հավասարակշռել, ճիշտ կողմնորոշվել՝ այդ պահին շատ ավելի ընտանիքո՞ւմ ես անփոխարինելի, թե՞ աշխատավայրում: Իմ պարագայում բախտս բերել է, որովհետև ամուսինս ընդունում է իմ այս տեսակետը: Լինում են օրեր, երբ զգում եմ, որ թերացել եմ ընտանքում, սակայն ինձ հասկանում են, որովհետև աշխատանքի մեջ պրոֆեսիոնալ չլինել չեմ կարող. այ, այնտեղ դա ինձ չի ների ո՛չ հեռուստադիտողը, ոչ էլ մասնագիտությունս:
Ընտանիքում բոլորը պետք է միմյանց հետ ազնիվ լինեն: Չեմ ընդունում, նույնիսկ, երբ երեխաներին են խաբում: Ամեն ինչում պետք է նախընտրել ճիշտը, անգամ եթե կարծում ես, որ սուտն ավելի հեշտ կլուծի իրավիճակը: Երեխաներին չի կարելի մեծացնել իլյուզիաներով: Անգամ «ամենամեծական» թեմաների շուրջ կարելի է խոսել երեխայի հետ՝ սինթեզելով, վերաձևակերպելով ասելիքդ, որպեսզի հետագայում իրականությանը բախվելը նրա համար վատ «անակնկալ» չլինի, սակայն պետք է դա անել այնպես, որ երեխան չկորցնի իր հեքիաթը, երեխա մնա մինչ այն պահը, երբ արդեն ինքնուրույն կփորձի տարբերել լավն ու վատը:
Երեխային հրամաններ ու քարոզներ պետք չեն, երեխային պետք է դաստիարակել՝ նրան լավ օրինակ ծառայելով: Ինչ էլ դու խոսքերով փորձես սովորեցնել երեխային, սուտ էֆեկտի կբերի, որովհետև, ինչ էլ որ դու ասես երեխային, արդյունքում նա անելու է այն, ինչ անում և ոչ թե ասում է իր ծնողը:
Իմ աղջիկների հետ ես հանդիպեցի, երբ նրանք ութ և ինը տարեկան էին: Մեծ աղջիկս արդեն 15 տարեկան է, փոքր աղջիկս՝ 14, իսկ տղաս՝ 4: Աղջիկների հետ ես ավելի շատ ընկեր եմ: Ինձ այդ տարիքում հիշում եմ, որ շատ թեմաների մասին մորս հետ չէի կիսվում: Դրա համար ամենասկզբից այնպես եմ արել, որ աղջիկների հետ նման խնդիրներ չլինեն: Ամեն ինչ գիտեմ նրանց մասին, որովհետև ինձ հետ կիսվում են ցանկացած թեմայով: Չեմ ուզում շատ ծավալվել այս թեմայի շուրջ, ուղղակի ուզում եմ ասել, որ մեր ընտանիքում առաջին իսկ րոպեից ներդաշնակություն է եղել:
Ինձ երբեմն թվում է, թե Հայկին աղջիկներն ավելի շատ են սիրում, քան ես: Քույրերի փայփայանքի ու գուրգուրանքի մեջ է մեծանում Հայկը: Մեծ աղջիկս՝ Լաուրան, բուֆետի իր ամբողջ գումարը եղբոր վրա է ծախսում՝ նվերներ, խաղալիք, անակնկալներ: Իսկ փոքր աղջիկս Հայկի ընկերն է. միասին խաղում են, կռվում, թափում, հավաքում: Առանց քույրերի Հայկը մի համեղ կտոր չի ուտի: Ֆասթ-ֆուդի համար խելքները գնում է, ու որպեսզի և՛ չչարաշահեն, և՛ «աչքները մեջը չմնա», ամսվա մեջ ունենք ֆասթ-ֆուդի օր: Աղջիկներս էլ, Հայկս էլ, ամուսինս էլ իմ օգնականներն են թե՛ տան գործերում, թե՛ խոհանոցում:
Վեճերի ժամանակ շատ էմոցիոնալ եմ: Բայց ամեն անգամ ինձ փրկում է մեկուսանալու իմ կարողությունը: Առանձնանում եմ, ամեն ինչ վերլուծում իմ մեջ ու հասկանում, որ չափն անցել եմ: Որքան արագ բռնկվող, այնքան էլ արագ սխալս հասկացող եմ ու երբեք չեմ հապաղում առաջինը ներողություն խնդրել կամ արդարանալ: Հպարտությունը, գոռոզությունն ընտանիքում տեղ չունեն:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում