Այսօր Երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Շատերին հետաքրքրող՝ ինչո՞ւ են այս օրը աղի և ոչ քաղցր բլիթ ուտում հարցին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ազգագրագետ Խորեն Գրիգորյանը՝ նշելով.
-Աղը որպես առատության խորհրդանիշ, դովլաթ կամ սրբացված կերակուր օգտագործվում է ծիսական բոլոր արարողություններում: Այսօր դրանցից ամենապահպանվածներն են աղ ու հացով դիմավորելը, մատաղացու կենդանուն նախքան մորթելը աղ տալը, տունն օրհնելուց աղի առկայությունը: Անգամ սեղանն օրհնելուց հատուկ նշում են՝ օրհնում եմ աղդ: Ինձ թվում է՝ նույնիսկ Սուրբ Սարգսի կերպարից էլ հին է ամուսնական գուշակության ժամանակ աղային բլիթ ուտելը, բայց, քանի որ հստակ պահպանվել է հենց Սուրբ Սարգսի տոնի մեջ, թերևս այդ շրջանից էլ հնարավոր է նշած լինեն:
Իսկ, թե ինչի՞ հետ է կապված հենց այդ գիշեր երազ տեսնելը, հոգեբան Սոնա Հարությունյանը պատասխանեց.
-Երազները միշտ են հետաքրքրել մարդկանց: Հոգեբանական տեսանկյունից մի քանի տեսակներ կարելի է առանձնացնել և ըստ այդմ հասկանալ, թե ի՞նչը կարող է նպաստել աղի բլիթ ուտելիս երազում կողակցին տեսնելուն: Նախ, չկա օրինաչափություն, որ եթե ուտեք աղի բլիթ, ապա անպայման կտեսնեք ձեր ապագա ամուսնուն կամ կնոջը: Երազների բովանդակությունն ու մեկնաբանությունը խիստ անհատական է, հետևաբար այստեղ ոչ թե աղի բլիթն է պատճառը, այլ տվյալ անձի հոգեբանական որոշ առանձնահատկություններ: Մի կողմից դեր կարող է խաղալ ներշնչանքը կամ հոգեբանական տրամադրվածությունը, մյուս կողմից մենք գիտենք, որ երազները կանխատեսումային գործառույթ ունեն և կարող են հուշել առաջիկա երևույթների, իրադարձությունների, նույնիսկ հիվանդությունների մասին: Հաճախ կանխատեսումային երազներ տեսնում են զարգացած ինտուիցիայով մարդիկ: Եվ չմոռանանք, որ երազները նաև արտացոլում են մեր երկար սպասված կամ չիրականացված ցանկությունները, այսինքն` ոմանց դեպքում էլ գործում է այս մեխանիզմը:
Անի Կարապետյան


