▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղետ բերող ծաղրածուն մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանին»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ ««Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»:
Այս խոսքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` Հայաստանի ներկայիս վարչապետը:
Այս խոսքն ասվել է արցախյան 44-օրյա պատերազմից ընդամենը 9 օր առաջ «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ» վերնագրված հոդվածում: Թե ինչ հաղթանակ մեզ բերեց «պարտվելու համարձակությունը», մենք բոլորս գիտենք և դեռ երկար ենք ճաշակելու այդ «հաղթանակի» դառնությունը:
Այս մեջբերմանը անդրադարձա միայն մեկ նպատակով` ցույց տալու Հայաստանի այսօրվա ղեկավարի մենթալիտետի գլխավոր առանձահատկությունը, որի շնորհիվ սխալն իր գլխում դառնում է «ճշմարտություն», պարտությունը` «հաղթանակ», իսկ ագրեսորի ախորժակի ժամանակավոր զսպումը` «խաղաղություն»:
Փաշինյանի մենթալիտետի ընկալման համար կարևոր է նաև հետևյալ հանճարեղ միտքը, որ նա ասել է 2024 թվականին Գավառ այցելության ժամանակ. «Երբ բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է»: Նկատեք` ոչ թե «մեր պատկերացումներն են կտրված իրականությունից», այլ «իրականությունն է կտրված մեր պատկերացումներից»:
Իրականության` իր պատկերացումներից «կտրված լինելու» մի օրինակ էլ Փաշինյանը բերել է 44-օրվա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 14-ին, երբ նա որպես «տարօրինակ հանգամանք» էր ներկայացնում այն իրողությունը, որ «ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը» և թույլ տվեցին Հայաստանի դեմ պատերազմը:
Փաստորեն, ըստ Փաշինյանի, աշխարհաքաղաքական իրողություններն այդ օրերին նույնպես «կտրվել էին» իր պատկերացումներից: Եվ հիմա իրականության հետ մշտապես իր կապը կորցնող և դրա պատճառով ամեն անգամ մեր վրա մի նոր աղետ բերող այս ծաղրածուն մեղադրում է «իրականության հետ կապը կորցնելու» մեջ Տեր-Պետրոսյանին` այն միակ քաղաքական գործչին, որը հասկանում էր արցախյան խնդրի չլուծված լինելու ու Ադրբեջանի հետ կործանարար պատերազմի վտանգը:
Իրականությանը ոչ ադեկվատ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների և քարոզիչների ստերի և խարդախ մանիպուլյացիաների մասին, ինչպես նաև այն մասին, թե ովքեր իրավունք ունեն կոչվելու «խաղաղության կուսակցություն»` Ռուզան Խաչատրյանի հետ հարցազրույցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее