-2017-ին 1627-ով աճել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը:
ՀՀ-ում 2017 թվականի ընթացքում գրանցվել է 14619 արտակարգ դեպք, պատահար, ինչի հետևանքով զոհվել է 356 և տուժել՝ 10688 մարդ,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2017-ին 1627-ով աճել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը:
«Զգալի աճ գրանցվեց հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների դասում տեխնածին դեպքերի մասով, և սոցիալ-կենսաբանականով՝ շուրջ 440-ով աճեցին թունավորման դեպքերը»,- նշեց Խանգելդյանը:
Հրդեհների թիվն աճել է 916-ով, այդ թվում՝ բնակելի շենքերում և առանձնատներում հրդեհները, ինչպես նաև անտառային տարածքներում, որոնցից ամենախոշորը Խոսրովի արգելոցի հրդեհն էր, որը, ըստ նրա, հաջողվեց մարել ռեկորդային ժամանակահատվածում:
«Ճանապարհատրանսպորտային պատահարների դասին բաժին ընկավ զոհերի գերակշիռ մեծամասնությունը՝ 80 տոկոսից ավելին: Գրանցվեց 279 զոհ, 5179 տուժած, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 13-ով ավելի է զոհերի և 739-ով՝ տուժածների դասում»,-տեղեկացրեց Խանգելդյանը՝ ավելացնելով, որ թունավորումների թիվը 2017-ին աճել է 442-ով:


