Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել էր ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար:
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը: Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթևեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետևանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից:
Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ: Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը: Վոլոդինի այս առաջարկը լայնորեն քննարկվեց նաև ՀՀ քաղաքացիների կողմից: Նրանք, հիմնականում դեմ էին այդ առաջարկին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, օրինակ, հետևել է ֆեյսբուքյան քննարկումներին և գոհ է. 90 տոկոսը հորդորել է նման գաղափարներ առաջարկողները գնան ու իրենց գործով զբաղվեն:
-Այսինքն, ի տարբերություն ստրկամիտ իշխանությունների՝ այս սերունդն ազգային արժանապատվության նվազագույն մակարդակն ունի,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանին էլ վրդովվեցրել է սոցիալական ցանցում այս առաջարկի վերաբերյալ անցկացվող հարցումը.
-Ոչ թե պետք է սոցիալական ցանցերում հարցում անցկացնել, այն մասին, թե ո՞վ է կողմ, որ ռուսերենը դառնա 2-րդ պաշտոնական լեզու, այլ այն մասին, թե բնակչությունն ուզո՞ւմ է մնալ ԵՏՄ-ում, թե՝ ոչ: Նրանք անընդհատ փորձագնդակներ են նետում մեր քաղաքական դաշտ ու սպասում են տեսնեն՝ թե ո՞վ կվերցնի այն: Այս հարցում զիջում լինել չի կարող,-նկատեց լեզվաբանը:
Անի Կարապետյան


