Վրաց-հայկական սահմանի մոռացված անկյունում՝ Լալվար սարի լանջին ծվարել է Աղքյորփին՝ աշխարհից կտրված ու մի քիչ էլ նեղացած, ինքն իր խնդիրները գրկած ու բարեկեցիկ ապագայի սպասումով։
Քվեմո (ներքին) Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի հայաբնակ այս գյուղը վարչական կենտրոն Մառնեուլից շուրջ 60 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ մայրաքաղաք Թբիլիսիից՝ շուրջ հարյուր կիլոմետր։
700-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում ժամանակը ծուլորեն է առաջ շարժվում՝ իր հետագծում թողնելով անցյալ դարավերջի դրոշմը։ Գյուղի խնդիրները դասակարգելը փոքր ինչ բարդ է, այստեղ դրանք ամենուր են․ խորհրդային տարիներից ժառանգած անմխիթար ճանապարհներով սկսվող Աղքյորփիում աշխատատեղ են ապահովում դպրոցն ու համայնքապետարանը, գյուղը գազաֆիկացված չէ, այստեղ հասանելի չէ անգամ այս դարի տիրակալը՝ համացանցը։
Գյուղատնտեսությամբ զբաղվելն այստեղ նույնպես սահմանափակվել է։ 2006-ին հայ-վրացական սահմանազատման որոշումից հետո գյուղը շրջապատող անտառի հիմնական մասը Հայաստանի տարածքում է մնացել, իսկ սեփական դաշտ գնալու համար կամ անասունին արոտավայր տանելու համար պետական հատուկ թույլտվություն է հարկավոր՝ սահմանին մոտենալու համար: Հատկանշական է, որ երկու պետությունները բաժանող որևէ կառույց, նշան չկա, միայն սահմանապահներն են հսկում տարածքը և եթե կենդանիները հատեն սահմանը, ապա գյուղացին իրավունք չի ունենա հետ բերել նրանց։
Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքում է մնացել նաև Խուճապի վանքը, որտեղ նախկինում այցելող զբոսաշրջիկներն ակտիվ էին պահում նաև Աղքյորփին։
Գյուղի տղամարդկանց մի մասն ամռան ամիսներն անցկացնում է ընտանիքից հեռու՝ արտագնա աշխատանքի մեկնելով փորձելով լուծել օրվա ապրուստի խնդիրը։ Աղքյորփիից մինչև Սադախլո (գյուղ Մառնեուլի շրջանում) ընկած ճանապարհը մոտ 20 կմ է: Հենց այդ քարուքանդ ճանապարհն էլ գյուղի հիմնական խնդիրներից է: Տարիների ընթացքում գյուղացիները ապրում են հույսով. «ասել են էն մի տարի սարքելու են, հլա տենանք էս անգամ կսարքե՞ն»:
Գյուղի երբեմնի հիվանդանոցից, որտեղ ժամանակին և՛ ծննդատուն է եղել, և՛ ատամնաբուժարան, այժմ մնացել է մի փոքրիկ բուժկետ, որտեղ շաբաթը երեք անգամ շրջկենտրոնից բժիշկ է գալիս, իսկ մյուս օրերին գյուղի բուժքույրն է տեղում՝առաջին բժշկական օգնություն ցուցաբերում:
Գյուղի կենտրոնում՝ կոկիկ շարված աղյուսով, երկհարկանի դպրոցն է, որի կիսակամարաձև, կապույտ երիզով պատուհանները հատուկ կոլորիտ են հաղորդում 1934 թվականին կառուցված շինությանը։ Անմխիթար վիճակում գտնվող այս շենքում ուսանում է մոտ 100 աշակերտ, որոնք խորացված ուսումնասիրում են վրացերեն և սովորում Վրաստանում տպագրված հայալեզու դասագրքերով:
Դպրոցը տարիների ընթացքում և՛ Հայաստանի և, իհարկե, Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ բազում գրքեր է ստացել, բայց այստեղ չկա գրադարան, որտեղ հավաքված կլինեն այդ գրքերն ու դրանցից կկարողանան օգտվել գյուղացիները։Դպրոցում ամենամեծ թվով աշակերտները սովորում են 8-րդ դասարանում՝ 14 հոգի, ամենաքիչը՝ 4-րդ դասարանում՝ 2 աշակերտ։Նշանակալի է, սակայն, որ այս տարի դպրոց է հաճախել 13 առաջին դասարանցի։


