Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը դեռևս քննարկվում է ՖԻՖԱ-ի գործընկերների կողմից, և առաջիկայում սպասում ենք որոշմանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե 2029 թվականին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը հնարավո՞ր է, որ տեղի ունենա Կապանի մարզադաշտում, որն այս պահին վերակառուցվում է:
Նախարարը տեղեկացրեց՝ Կառավարությունն իր ամբողջ ջանքը ներդրել է, որպեսզի բավարարի պահանջները՝ ՖԻՖԱ-ի կողմից դրական որոշում ընդունելու համար:
«Բնականաբար, շատ ուրախ կլինենք, որ Կապանում մարզադաշտը պատշաճ վիճակում լինի մինչև հնարավոր առաջնությունը՝ 2029 թվականը: Ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը Հայաստան-Վրաստան համատեղ հյուրընկալության մասին է, և լոգիստիկ առումով այնպիսի վայրեր պետք է ընտրվեն, որպեսզի հարմար լինեն երկու երկրներում զուգահեռաբար առաջնություն անցկացնելու համար»,-ասել է Անդրեասյանը: