«Տոներն են մոտենում, տոներն են մոտենում»․․․ Այո՛, իրոք որ Նոր Տարին մանկության կախարդանքի նոստալգիա պարգևող միակ տոնն է։ Նոր Տարին նշելը հատկապես հետարքիր է եվրոպացիների հետ և արձակուրդներին ավելի լավ է գնալ հենց Եվրոպա, քանի որ նրանց մոտ տոները սկսվում են մոտ մեկ շաբաթ ավելի շուտ։
Այսպիսով՝ Asekose.am-ի ընթերցողի դատին ենք հանձնում աշխարհի ամենահին, ամենակոլորիտային ամանորյա տոնավաճառների ընտրանին, որն իր մեջ է պարունակում Նոր տարվա ավանդույթների ամբողջ պարկը։

Stortorget julmarknad – Սթոքհոլմ, Շվեդիա
Stortorget julmarknad-ը գտնվում է Հին Սթոքհոլմի քաղաքային հրապարկում։ Դժվար է պատկերացնել առավել հարմար տեղանք տոնական տրամադրություն հաղորդելու համար։ Տոնավաճառը բացվել է դեռևս հեռավոր 1837-ին։ 40 գեղեցիկ կրպակները լրացնում են հրապարակի պատմական մթնոլորտը։ Եկեք տաքանանք՝ ըմպելով մի գավաթ գլյոգա (շվեդական գլինտվեյն) և ընտրենք անկրկնելի ավանդական հուշանվերներից մեկը։ Չմոռանանք համտեսել նաև շվեդական ազգային ուտեսները, որոնից ամենայուրահատոկը pepparkakor (կոճապղպեղով թխվածաբլիթներ) , saffransbullar (շաֆրանով բուլկիներ), ինչպես նաև եղջերուի միս։
Christkindelsmärik – Ստրասբուրգ, Ֆրանսիա
Ամանորյա տոնավաճառների շարքում աշխարհի ամենաճանաչվածներից մեկը՝ ստրասբուրգյան Christkindelsmärik-ն է, որը հայտնի է նաև Marché de l’Enfant Jesus անվանմամբ (թարգմանաբար՝ Մանուկ Հիսուսի Տոնավաճառ)։ Այն Եվրոպայի հնագույն շուկաներից մեկն է։ Սկսած 1570 թվականից՝ տեղացի բնակիչները կարողացել են կերտել ամանորյա ամենավառ լիցքեր հաղորդող կոլորիտը։300 փայտե խրճիթները բաժանված են 11 թեմատիկ գյուղակների և սփռված են քաղաքի ողջ կենտրոնում։ Հիմնական տոնավաճառը գտնվում է Տաճարային հրապարակում։ Այստեղ վաճառվում են ձեռագործ ապրանքներ, զարդեր և սեզոնային ուտեսներ։Տոնական քաղցրավենիքների շարքում կարող եք համտեսել vin chaud (որը նույն գլինտվեյնն է, թարգմանաբար՝ տաք գինի), բրեդելե թղվածքաբլիթներ՝ տարատեսակ համերով՝ընկույզի, նարնջի, ընդհուպ մինչև դարչին։ Խոհարարական այլ հրաշքներից է choucroute-ը (շուքղութ, մարինացված կաղամբ) և շոգեխաշած միսը՝ baeckeoffe․ Bon appétit!
Dresdner Striezelmarkt – Դրեզդեն, Գերմանիա
Գերմանիայի հնագույն Սուրբ Ծննդյան տոնավաճառը գտնվում է Դրեզդենում և ունի մոտ 600 տարվա պատմություն։ Տեղադրված 250 կրպակներում կարող եք գտնել ամեն ինչ, սկսած փայտյա զարդարանքներից, մինչև ավանդական մոմերից բուրգեր։ Striezelmarktում է տեղադրված Սուրբ Ծննդյան՝ աշխարհի ամենամեծ կամարը, ինչպես նաև զվարճանքների այգին՝ խամաճիկների թատրոնով և մանկական երկաթուղով։Տոնավաճառն անվանվել է գերմանական մրգային թխվածքի՝ շտրուդելի պատվին, որը, ինչպես կռահեցիք, կարող եք գտնել այստեղ։ Լինելով Striezelmarkt -ում՝ չմոռանաք փորձել Dresden Rahmklecks (թարմ թխված հաց պանրային միջուկով), ինչպես նաև ավանդական բրաթվուրսթ երշիկը և բրեցել թխուկը։Guten Appetit!
Christkindlmarkt – Զալցբուրգ, Ավստրիա
Հսկայական եկեղեցու և միջնադարյան ամրոցի միջև տեղակայված Զալցբուրգյան տոնավաճառում կարող եք գտնել ամեն ինչ․95 կրպակներում վաճառվում են ծաղիկներ, կտորեղեն, խաղալիքներ, ձեռագործ իրեր և այլն։ Հետևեք Զալցբուրգյան տոնավաճառին հատուկ բույրին՝ բոված նուշի բուրմունքով, որը ձեզ կուղղորդի դեպի անուշեղենը։ Այստեղից անհնար է հեռանալ առանց գլինտվեյն խմելու, որն այդքան լավ է համադրվում բոված շագանակների հետ։ Մոռացե՛ք կազմվածքի մասին, չէ՞ որ ամանորին թույլատրելի է ամեն ինչ։
San Gregorio Armeno street – Նեապոլ, Իտալիա
Մեր շարքի ամենաարտասովոր տոնավաճառի անվանումը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ։ Իհարկե, խոսքը չի վերաբերում Ռոսիա Մոլի դիմաց տեղակայված եկեղեցուն, այլ Նեապոլում գտնվող Chiesa di San Gregorio Armeno -ին, թարգմանաբար՝ Սուրբ Գրիգոր Հայաստանցու եկեղեցի։ Սան Գրեգորիո Արմենո փողոցն ամանորին լեցուն է կյանքով։ Այստեղ տեղադրվում են բազմատեսակ ամանորյա արձանիկներ՝ բոլոր հնարավոր և անհնար տեսակների։ Տեղական ավանդույթներից գլխավորն է Սուրբ Ծննդյան տեսարանի «սեփական» բեմադրությունը, որի ընթացքում օգտագործվում է ամենինչ՝ սկսած Հիսուսի և Տիրամոր արձանիկներից, վերջացրած փոքրիկ պիցցայի վաճառողներով, էկզոտիկ կենդանիներով և այլն։ Այստեղ կարող եք ստեղծել Սուրբ Ծննդյան տեսարանը ձեր իսկ ոճով։ Այնուհետև համտեսեք ավանդական նեապոլիտակական ամանորյա քաղցրավենիքը՝ ռոկոկո և սուսամիմիլլի թխվածքաբլիթները ու ստրիֆֆոլիից պատրաստված տապակած գնդիկները։ Buon appetito.
Կազմեց Հովհաննես Եսայանը


