▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղիկ» բ/կ-ի բուժաշխատողներին ճաշելու համար պատժել են՝ աշխատավարձից կրճատելով 40 տոկոս

 

Newspress.am-ը գրում է. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բ/կ-ում կարծես ֆինանսական ճգնաժամ է սկսվել, ու ամեն կերպ բուժհիմնարկի տնօրինությունը փորձում է գումարներ հայթայթելու ճանապարհներ փնտրել:

Կայքի տեղեկություններով՝ օրերս պետպատվերով հեմոդիալիզ ստացող քաղաքացիներին «Աստղիկ» ԲԿ-ի տնօրինությունը զգուշացրել է, թե «անվճար սպասարկումն ավարտվեց. դիալիզի համար պետք է վճարել»:

Ծառայությունից օգտվողները մեծ աղմուկ էին բարձրացրել և բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ նրանց ասել էին, թե իբր կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը: Կառավարությունից, սակայն, շատ արագ այդ մասին լուրը հերքեցին: Վերևներում չգիտեին, թե ինչից է «Աստղիկ» բ/կ-ն վերցրել, որ պետությունն այլևս չի վճարելու դիալիզի համար: Ամեն դեպքում, կառավարության հարցմանն ի պատասխան՝ «Աստղիկ» բ/կ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը հերքել էր, թե ինքը նման հայտարարություն չի արել:

Դրանից շատ չանցած՝ կայքի աղբյուրները տեղեկացրել են, որ «Աստղիկ» բ/կ-ի տնօրինությունը հիմա էլ որոշել է Հեմոդիալիզի ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պահել:

Բանն այն է, որ մեզ հասած տվյալներով՝ տնօրինությունը կասկածել է, որ բուժաշխատողները համարձակություն են ունեցել 8-ժամյա աշխատանքի ընթացքում ճաշել:

Պետք է նկատենք, որ «Աստղիկ» բ/կ-ում գործող Հեմոդիալիզի ծառայությունն սպասարկում է Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ ավելի քան 200 հիվանդ: Հիվանդներին ժամանակին սպասարկելու և խնդիրներ չառաջացնելու նպատակով բուժաշխատողների համար, ինչպես բոլոր նորմալ բուժհիմնարկներում, սահմանվել է հերթափոխ: Յուրաքանչյուր հերթափոխ, սակայն, իրենից ենթադրում է ոչ պակաս, քան 8 ժամ աշխատանք: Այդ ընթացքում մասնավորապես Հեմոդիալիզի բուժաշխատողներն անընդհատ պետք է լինեն հիվանդների կողքին, քանի որ ամեն պահի հնարավոր է հիվանդի առողջական վիճակի վատացում:

Մի խոսքով՝ ղեկավարությունը նրանց մի կողմից արգելում է բացակայել հիվանդի կողքից, մյուս կողմից՝ պարտադրում, որ ճաշեն բուֆետում:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցի բուֆետում ճաշելու համար` մոտ մեկ ժամ է հարկավոր (մինչև հերթը կհասնի, սնունդ կստանան և կճաշեն): Սա արդեն նշանակում է, որ բուժաշխատողը երկար ժամանակով բացակայեց բաժանմունքից: Հավանաբար, արագ սնվելու համար, բուժաշխատողները ճաշել են հենց հիվանդասենյակում, որպեսզի հասցնեն աշխատել:

Կայքի տեղեկություններով՝ տնօրինությունը մտնելով սենյակ՝ «ճաշի հոտ է առել» և վերջնականապես բուժաշխատողների ճաշելու հարցը կանոնակարգելու փոխարեն՝ որոշել է պատժել ողջ անձնակազմին, ասել է թե՝ բոլոր հերթափոխերի աշխատողներին:

Հեմոդիալիզի՝ ավելի քան 30 բուժաշխատող իրենց պատիժը կկրեն գումարի տեսքով՝ աշխատավարձի 40 տոկոս կրճատում:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее