▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված տա, որ դրանից չտուժի իմ ընտանիքը. Սամվել Թոփալյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա իր զրուցակիցը դերասան Սամվել Թոփալյանն է, ով հանրությանը հայտնի է գեղարվեստական ֆիլմերից և տարբեր հեռուստասերիալներից:

Սամվել, վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում եք նոր ձևաչափում, խոսքը «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի մասին է, հետաքրքիր է՝ որպես դերասան ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր՝ հումորային կերպարում:

Իրականում, իմ կերպարն այդքան էլ հումորային չէ, հումորը Դավիթի շուրջն է հիմնականում: Այնուամենայնիվ, հետաքրքիր է այս ձևաչափում աշխատել: Դերասանի համար կապ չունի սիթքոմում է նկարահանվում կամ դրամատիկ սերիալում, պետք է լավագույնս դրսևորի իրեն:

Որպես սիթքոմի գլխավոր հերոս, Ձեր մեկնաբանությունը խնդրեմ, թե «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը ինչո՞վ է տարբերվելու մերօրյա, այսպես ասած, սիթքոմային բազմազանության մեջ, ո՞րն է լինելու նրա հաղթաթուղթը:

Մենք մրցման մեջ չենք: Ողջ նկարահանող խումբը հաղթելու կամ մրցելու միտում չունի: Մենք մեր գործն ենք անում՝ փորձելով հնարավորինս գրագետ և պրոֆեսիոնալ ներկայացնել: Այն, ինչ հասցրել եմ տեսնել, շատ է ուրախացրել՝ լավ օպերատորական աշխատանք կա, ոչ մի ավելորդություն չեմ նկատել: 

Սամվել, հետաքրքիր է՝ վերլուծելով սիթքոմում Ձեր խաղն ու համեմատելով մինչ այս կերտած Ձեր կերպարների հետ, որպես դերասան նախապատվությունը ո՞ր ժանրին եք տալիս՝ հումորային, թե դրամատիկ:

Ես կարծում եմ, որ այսօրվա դերասանն իր մեջ, իհարկե, կարող է ունենալ սիրելի ժանր, բայց պետք է կարողանա երկուսում էլ հանդես գա: Ինչքանով է իմ մոտ ստացվում, հանդիսատեսը թող դատի: Այնուամենայնիվ, ինձ համար նախընտրելին թատրոնն է:

Բացի նոր աշխատանքից, այս շրջանում էլ ի՞նչ զբաղվածություն ունեք, գուցե հաջողված փորձերից հետո առաջիկայում Ձեզ տեսնենք գեղարվեստական որևէ ֆիլմում:

Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռևս չունեմ, իսկ առօրյաս հագեցած է՝ թատրոններում փորձեր, ներկայացումներ, ձայնագրություններ:

Որքանով տեղյակ եմ, շուտով կվերսկսվի «32 թատրոնի» նոր թատերաշրջանը, որի շրջանակներում «Պարույր Սևակ» ներկայացման մեջ եք հանդես գալիս, բացի նշված ներկայացումից թատրոնային այլ գործունեություն այս շրջանում ծավալո՞ւմ եք:

Այո, իհարկե: Աշխատում եմ «Գոյ» թատրոնում, որը վերանորոգումից հետո մեծ թափով բացեց իր դռները: Ինչպես նաև աշխատում եմ Մալյան թատրոնում, որի 35-րդ հոբելյանն է այս տարի: Ընթացիկ ներկայացումներում զբաղված եմ և շատ ուրախ եմ, որ այդ 2 թատրոնում աշխատում եմ:

Սամվել, մինչ սիթքոմը թվում էր, թե դադար եք վերցրել, դա թվացյալ դադա՞ր էր, թե իսկապես հատուկ նպատակ ուներ մի որոշ ժամանակ հեռուստատեսային նախագծերում չներկայանալը:

Կոնկրետ որոշում չի եղել, ուղղակի դադար ստացվեց: Երևի, ճիշտ եղավ, մեկ-մեկ պետք է քիչ երևաս:

Սամվել, գուցե արտաքին տվյալներից ելնելով, բայց ռեժիսորները, կարծես, անընդհատ Ձեզ բարի հերոսներին են վստահում, հետաքրքիր է՝ մշտապես համաձայնվո՞ւմ եք Ձեր անձի նկատմամբ ռեժիսորների վստահության հետ:

Իրականում ավելի ուրախ կլինեմ, որ բացասական դերեր տան, ինձ համար ավելի հետաքրքիր կլինի նկարահանման պրոցեսը: Իսկ միշտ դրական դերեր են տալիս, երևի բարի դեմք ունեմ, սակայն այդ դեմքի տակ կարելի է ուրիշ բան էլ ներկայացնել:

Գիտեմ, որ ունեք Ձեր ընտանիքը, բայց հարցազրույցներում անընդհատ նկատում եք, որ ընտանիքին շատ ժամանակ հատկացնել չեք կարողանում, երբեմն մտքեր չե՞ք ունենում, որ գուցե գա ժամանակ, որ զղջաք աշխատանքով շատ տարվելու ու որոշ իմաստով ընտանիքին հատկացված ժամանակը կրճատելու համար:

Հնարավոր է ճիշտ եք, սակայն կարծում եմ այն տարիքն է, որ պետք է աշխատանքի մեջ անընդհատ լինեմ. փորձ ձեռք բերելու խնդիր կա: Այս տարիքը պիտի աշխատանքի մեջ լինի: Աստված տա դրանից չտուժի իմ ընտանիքը: Տղաս շատ է կարոտում, երբեմն չի ուզում քնի, որ անընդհատ ինձ հետ խաղա: Դա իհարկե վատ է անդրադառնում երեխայիս վրա, սակայն փորձում ենք համատեղել:

Քանիցս հրաժարվել եք խոսել Ձեր կնոջ մասին, դա հատուկ նպատա՞կ է հետապնդում, ուզում եք նրան հեռո՞ւ պահել այս ոլորտից:

Չէ, չեմ հրաժարվել խոսելուց, պատճառը չունեմ չխոսելու:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее