▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ Պուտինը Սամվել Կարապետյանին ուզում է վարչապետ դարձնի»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Մի շարք գործիքակազմեր, որոնք նախատեսված են միջազգային իրավական պաշտպանության տեսանկյունից, իրացվում են»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործին՝ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Դիտարկմանը, թե ասում են՝ Պուտինը Սամվել Կարապետյանին ուղարկել է ՀՀ՝ իշխանափոխություն անելու և վարչապետ դառնալու նպատակով և կգա այն պահը, որ Պուտինը տեր կկանգնի Կարապետյանին, Վարդևանյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչպես արձագանքել, հարգանքով եմ վերաբերվում ժողովրդի մեջ տարածված խոսակցություններին, յուրաքանչյուրս ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Սակայն Սամվել Կարապետյանը հանդիսանում է ոչ միայն ՀՀ քաղաքացի, բայց մեր օրենսդրության համաձայն միայն ՀՀ քաղաքացին կարող է լինել կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր և այլն»։

Դիտեք նաև՝ 

«Քրեական գործ՝ կոչի վերաբերյալ՝ կոչի բացակայության պայմաններում, ինչն իրավական աբսուրդ է»,- փաստաբան Արամ Վարդևանյանն այսպես որակեց Սամվել Կարապետյանի գործը։ Նրա խոսքով բոլոր հիմքերն առկա են՝ պնդելու, որ Կարապետյանին կալանավորել են, որպեսզի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտությունը կատարեն։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու նպատակով օրակարգ բերված օրենսդրական նախագիծը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը հանրայնացրել է նամակ, ըստ որի նա դեռ մայիսին է ցուցում տվել զբաղվել ՀԷՑ-ով, և դա է մտահոգել Սամվել Կարապետյանին, Վարդևանյանն արձագանքեց․ «Այսինքն ՀԷՑ-ի վերաբերյալ գործողությունների խոստում է տվել, որն ընդհանրապես օրենքի և սահմանադրականության հետ կապ չունի։ Երբ առկա են միջազգային իրավական արբիտրաժային պաշտպանության մեխանիզմները, Սամվել Կարապետյանի մոտ ի՞նչ մտահոգություն պետք է առաջացած լինի»,- ասաց Վարդևանյանը՝ հույս հատնելով, որ քաղաքական պատասխանատուները պատկերացնում են ՀԷՑ-ի վերաբերյալ գործողությունների հետևանքները․ «Եթե ի վերջո այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս, քանի որ ՀՀ-ն է պատասխանատվության ենթարկվելու»,- ասաց Վարդևանյանը։

***

«Գործարար Սամվել Կարապետյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,- ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով Կարապետյանի քրեական գործն ու նրա կալանավորման նախապատմությունը։ Փաստաբանն իր խոսքում հանգամանքներ նշեց՝ ապացուցելու քաղաքական հետապնդման փաստը․ «Խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է, որի համար պատիժը կարող է լինել տուգանքը։ Այս դեպքում ընդհանրապես խափանման միջոց չէր կարող լինել, երբ չի էլ եղել ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքը։ Բայց ի՞նչն է ընդգծում գործի նկատմամբ ոչ լեգիտիմ նպատակն ու քաղաքական հետապնդման տարրը, որ նույնիսկ տնային կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց։ Այնինչ Գլխավոր դատախազն ԱԺ-ում իր հաշվետվության ժամանակ ներկայացրել էր վճռաբեկ դատարանի վերջերս ընդունված մի նախադեպ, որտեղ ուղիղ գրված է, որ տնային կալանքին միշտ պետք է նախապատվություն տրվի, հատկապես միջին ծանրության ենթադրյալ հանցանքների դեպքերում»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ Կարապետյանի դեմ հաղորդումը ՔԿ ներկայացվել է անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее