Արցախյան պատերազմի մասնակիցներին շարունակում են շատ քիչ ուշադրություն դարձնել: Նրանց խոսքով՝ իրենց հիշում են մայիսի մի քանի օրն ու այն ժամանակ, երբ ճակատում վիճակը վատանում է:
«Մի շարք տղաների՝ արցախյան պատերազմին մասնակցած լինելու վերաբերյալ գործերը՝ 10 տարուց ավելի է՝հանձնել ենք համապատասխան մարմիններին: Է, հետո՞: Որ չեմ մահացել կամ վիրավորվել, չպե՞տք է հարգենք: Ազատամարտիկների 90 տոկոսն այսօր շատ վատ վիճակում է, տաքսի են վարում:
Անգամ բժշկական օգնություն չեն կարողանում ստանալ, ավելին, նրանց փոխարեն հաշմանդամ են գրանցում նրանց, որոնց ոչ տեսել, ոչ էլ լսել ենք: Պետությունն իր ազատամարտիկին չի հարգում:
Առաջ որ փողոց էինք դուրս գալիս, ձեռքերներս էին համբուրում: Հիմա ասում են, որ հիմար ես եղել, գնացել ես, ո՞վ է մեղավոր: Այս ապրիլյան դեպքերի ժամանակ էլ, որ ամուսինս մեկնում էր սահման, ասացին՝ ուղեղ ունի՞, այսքանից հետո էլի գնո՞ւմ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Գայանե Բաղդասարյանը:
«Սատար» հաշմանդամների ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանն էլ վեհորեն նշեց. «Եթե չենք երևում, դա երևի նորմալ է»:
Գագիկ Դանիելյանը չմոռացավ նաև խնդրանք-կոչով դիմել հայ աղջիկներին.
«Ամուսնացե՛ք բանակում ծառայած տղաների հետ: Նրանք վստահելի են»:
Անի Կարապետյան


