Life.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Կայքը, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորելով դերասանին, հետաքրքրվել է, թե ինչպես է անցկացնելու ծննդյան տարդարձն ու ինչն է Ռաֆայելին պակասում նրան այսօր:
Մեզ հետ զրույցում Ռաֆայել Երանոսյանը պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրն անցկացրել է հոր հետ միասին.
«Երեկ գնացի մեր գյուղ, որպեսզի ծննդյանս օրն առաջինը հորս հետ նշեի, իսկ կեսգիշերին ընկերներս ակարդիոնով, դհոլով ու զուռնայով եկան մեր տուն ու շնորհավորեցին ինձ, որից հետո միասին նստեցինք ու ջերմ գիշեր անցկացրինք»,- պատմեց օրվա հերոսն ու կիսվեց հայրիկի բարեմաղթանքով.
«Հայրս ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ միշտ ինձ մի խորհուրդ-բարեմաղթանք է հղում. Ամեն անգամ, երբ իրար հանդիպում ենք, ասում է՝ «Տղա ջան միշտ ձգտի վեր-վեր-վեր, երբեք չսահմանափակվես նրանով, ինչ ունես, ձգտի, որ անունդ միշտ մնա»: Հորս այս խոսքերը շատ կարեւոր են ինձ համար, ես այդ կարգախոսով եմ ապրում»:
Ռաֆայել Երանոսյանը, իր խոսքով վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այսօր «մարդավարի ծնունդ» կնշի.
«Այնպես էր ստացվում, որ վերջին 8 տարում ծննդյանս օրը նկարահանումներ կամ ներկայացումներ էի ունենում, բայց այս տարի որոշեցի մի քանի օրով հետաձգել բոլոր աշխատանքներն ու «մարդավարի ծնունդ» նշել՝ առանց գրիմի ու կերտածս հերոսների շորերի: Այսօր երեկոյան ընկերներիս ու գործընկերներիս հետ փոքրիկ խնջույք կկազմակերպենք, ներկա կլինեն մոտավորապես 70 մարդ. ի դեպ, երբ ընկերներիս ասում եմ, թե քանի հոգի են լինելու ծննդյանս խնջույքին, կատակելով ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրնենք»,- ծիծաղելով պատմեց 35-ամյա դերասանը:
Ռաֆայելը շեշտեց՝ ծննդյան օրը շատ է սիրում, առավել շատ սիրում է նշել այս օրն ու մի լավ ուրախանալ.
«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար ընդհանրապես կապ չունի, թե որ ամյակն եմ նշում: Ես շատ եմ սիրում ծննդյանս օրը, շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ ու մինչեւ 95 տարեկան այսպես ուրախ եմ նշելու տարեդարձս, անգամ թոռներիս եմ ստիպելու, որ ծնունդս մեծ շուքով նշեն: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ծննդյան օրը տխրում են կամ մտածում են մեծանալու մասին, պետք է հիշել, եթե ներսում երիտասարդությունդ վառվում է, ուրեմն էլ կապ չունի՝ քանի տարեկան ես»,- նկատեց հոբելյարը:
Մեծ ձեռքբերումներ գրանցած դերասանին այսօրը միայն մեկ բան է պակասում.
«Այսօր ինձ պակասում է մամաս, պակասում են այն մարդիկ, ովքեր ինձ հարազատ են եղել, բայց հիմա չկան. Շատ կցանկանայի այսօր նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լսել»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Մորս մահից հետո մինչև օրս չեմ ջնջել նրա համարը հեռախոսիցս, զանգում եմ և շփվում. Ռաֆայել Երանոսյան