▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Լյուդվիգովիչը` պլաստիկ վիրահատությունների առավելությունների և թերությունների մասին

Life.panorama.am-ը գրում է.

Պլաստիկ վիրահատությունները վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել, եթե տարիներ առաջ վիրահատության նկատմամբ վախ կար, ինչը շատերին հետ էր պահում այդ քայլից, այսօր, հատկապես երիտասարդ աղջիկներ շրջանում, չքվել է այդ վախը, ինչի հետևանքով վիրահատությունները կարող են իրար հաջորդել, որոնց արդյունքում, երբեմն, ցանկալի արդյունք գրանցելու փոխարեն հնարավոր է բախվել մի շարք խնդիրների:

Life.panorama.am-ի հետ զրույցում «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյանը տվեց իր մասնագիտական խորհուրդներն ու հայտնեց իր գնահատականները նման վիրահատությունների առավելությունների և թերությունների նկատմամբ:

«Վերջին տարիներին ՀՀ-ում շատ քիչ փոփոխություն է տեղի ունեցել պլաստիկ վիրահատությունների վիճակագրությունում, արդեն մի քանի տարի շարունակ պլաստիկ վիրահատությունների դիմողների գերակշիռ մասը աղջիկներն ու կանայք են և հիմնականում վիրահատում են քիթը, ինչն էլ գուցե ազգային առանձնահատկության պատճառով է: Իսկ, ընդհանուր առմամբ վերջին շրջանում ավելացել են նաև տարիքային փոփոխություններով պայմանավորված վիրահատությունները, որոնց դեմքի հատվածում կնճիռային փոփոխություններ են կատարվել: Կրծքի պլաստիկ վիրահատության քանակն էլ է շատացել, եթե առաջ ավելի շատ փոքրացումն էր, ապա հիմա ավելի շատ մեծացումն է, տարիներ առաջ նման վիրահատության դիմում էին ավելի շատ արտերկրից եկածները, իսկ հիմա մեր հանրապետության բնակիչներն էլ են դիմում և ժամանակ առ ժամանակ վիրահատում կուրծքը»,-ասաց բժիշկը:

Թե որքանով է անվտանգ հատկապես կրծքի վիրահատությունը կնոջ օրգանիզմի համար, Աշոտ Լյուդվիգովիչը նկատեց. «Ինչպես աշխարհում բոլոր վիրահատությունները, պլաստիկ վիրահատություններն էլ ունեն իրենց հակացուցումները: Դրա համար ամեն բան պետք է մանրամասն քննարկվի բժշկի հետ, ամեն դեպքում էսթետեիկ վիրահատության գնալու քայլը ռիսկային է և էսթետիկ բառն էլ ոչ մի կերպ չի թեթևացնում վիրահատություն բառի լրջությունը: Եթե վիրահատություն է կատարվում, ապա դա արդեն շատ լուրջ քայլ է և թե բժիշկը, թե այցելուն պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն բարդությունից խուսափելու համար: Աշխարհի ամենալավ վիրաբույժի դեպքում անգամ ինչ-որ չափով բարդության հավանականություն կա, իսկ բարդություններ կարող են լինել»:

Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատության տեսակի՝ քթի վիրահատության վատ հետևանքների մասին բժիշկը նկատեց. «Քթի վիրահատության դեպքում ամենաշատ հանդիպող վատ հետևանքը անհամաչափ քթի չուղղվելն է, երբ վիրահատությունից հետո այն մնում է նույնքան անհամաչափ, ինչքան մինչ վիրահատվելն էր, և հաստ, հիպոէլաստիկ մաշկի դեպքում մաշկի կրճատվելու հատկանիշներն են ընկած, որի հետևանքով կարող են բարդություններ առաջանալ: Ուղիղ քիթը երբեք չի թեքվում, թեքը ավելի չի թեքվում, բայց որ չուղղվի դրա հավանականությունը մոտ 20 տոկոս է, այսինքն՝ հանդիպում  է 5-ից մեկի մոտ: Այս երկու տարբերակները քթի վիրահատության ամենահաճախ հանդիպող բարդություններն են»:

Իսկ կրծքի պլաստիկ վիրահատության դեպքում առաջացող բարդությունների մասին խոսելիս Աշոտ Լյուդվիգովիչը շեշտեց, որ սխալ է մարդկանց այն կարծիքը, թե նման վիրահատությունը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը. «Մարդկանց այն կարծիքը, թե կրծքի պլաստիկ վիրահատությունը կարող է քաղցկեղ առաջացնել, բացարձակ իրականությանը չի համապատասխանում. Գրագետ վիրահատության դեպքում, երբ իմպլանտի որակն էլ համապատասխանում է ժամանակակից պայմաններին, ոչ մի բարդություն, անգամ գիտականորեն հիմնավորված բարդություն գոյություն չունի, մանավանդ կրծքային բարդություն: Կրծքի հետ կապված ամենաառաջին խնդիրները, որ կարող է ի հայտ գալ, դա կծկանքն է (կոնտրակտուրա), երբ օրգանիզմը կրծքի խիստ ձիգ կապսուլա է առաջացնում կրծքի իմպլանտի շուրջը, և երկրորդ հանդիպող խնդիրն այդ խոռոչում ինֆեկցիան է, հեմատոմիան՝ արյան կուտակվելը: Այդ խնդիրներից առաջացող հետևանքները կարող են լինել էսթետիկ, երբ ցանկալի տեսքը կարող է չունենալ, շարժունակությունը կարող է սահմանափակվել, երբ ձգվում է շատ և կարող են որոշակի ցավեր լինել, բայց երբ ամեն բան ճիշտ է արվում և բարձրորակ նյութերով, քիչ հավանական են այդ բարդությունները»,- նշեց բժիշկը:

Վերջին տարիներին աղջիկների և կանանց շրջանում առկա պլաստիկ վիրահատությունների նկատմամբ մոլուցքի վերաբերյալ Աշոտ Լյուդվիգովիչը նկատեց. «Նման հարցերով պետք է զբաղվի նախևառաջ հոգեբանը, բայց կան հիվանդներ, որոնց դեպքում մենք հասկանում ենք, որ նա այլևս հաշվի չի առնում իր օրգանիզմի հնարավորությունները, առողջությունը, նույնիսկ վտանգելով իր առողջությունը ուզում է գեղեցկանալ, նման դեպքերում մենք ուղղակի վիրահատություն չենք անում և որքան հնարավոր է համոզում ենք, որ հետ կանգնի այդ մտքից, որովհետև արդեն հասկանալի է, որ նման դեպքերում նրա որոշումը ռեալ չէ և դուրս տրամաբանությունից: Ցավոք, ոչ բոլոր բժիշկներն են այդպես մոտենում այդ հարցին և անկախ ամեն ինչից վիրահատում են, ինչը սխալ է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее