
Մայիսի 20-ին տեղի կունենա «Տոլմայի փառատոն»-ը, որին կհաջորդի մի ամբողջ շարք:
Տոնածիսական ուտեստների փառատոնը՝ «Հացը լեռներ»-ում խորագրով, կկայանա հուլիսի 10-ին, «Խորովածի տոն»-ը՝ օգոստոսի 20-ին (Ախթալա):
Հուլիսի առաջին շաբաթ օրը Քարահունջում տեղի կունենա Սյունյանց ավանդույթներ փառատոնը: Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «Գաթայի փառատոն»-ը Խաչիկ գյուղում, իսկ հոկտեմբերի 7-ին Արենիում կկայանա ավանդական «Գինու փառատոն»-ը:
Այս տարի արդեն 5-րդ անգամ կանցկացվի «Արտ-ֆեստ» փառատոնը, որն ընդգրկում է արվեստի մի շարք ճյուղեր:
Երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի խոսքով՝ իր ձևաչափով բացառիկ այս փառատոնը տարեցտարի լայն թափ է առնում, հույս ունեն, որ այս տարի արտերկրից ավելի շատ մասնակիցներ կգան: Ժյուրիի կազմում կլինեն նաև ներկայացուցիչներ արտերկրից:
Արտերկրից հյուրերի են սպասում նաև մյուս փառատոններին:
«Մայիսին մենք սպասում ենք ճանաչված լրատվամիջոցների ու բլոգերեների»,-տեղեկացնում է «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը:
Փառատոնների՝ դրսում հետաքրքրություն առաջացնելու մասին է վկայում օրինակ հարևան Վրաստանից Խորովածի փառատոնին մասնակցելու հայտը.
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ՝ անցած տարի բանակցել են վրացական տուրիստական ընկերությունների հետ, որոնք եկել ու անգամ տաղավար են վերցրել:
Ուրախ լուր էլ կա՝ բոլոր փառատոններ իրականացնողները միավորվելու են մի տանիքի ներքո:
Տխուրն էլ կա՝ հայկական կազմակերպություններից մեկը դեմ է Տոլմայի փառատոնի անցկացմանը, ուզում են միջոցառումից օգուտ քաղել, այն որպես բիզնես օգտագործել, բայց Սեդրակ Մամուլյանը հույսը չի կտրում, վստահ է՝ այն անպայման կկայանա.
«Այո՛, ծախսերը պետք է փակվեն, բայց իմ կարծիքով՝ սա տոն պետք է լինի: Վեճը գնում է մուտքավճարի և այլ հարցերի շուրջ, բայց տոլման մեզ համար, իմ կարծիքով, ոչ թե փող աշխատելու միջոց, այլ համաժողովրդական տոն պետք է լինի: Ե՛վ հնարավորություն ունեցողը, և՛ չունեցողը պետք է մասնակցի: Փառատոնի վայրի անցկացման հարցում լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բայց դուք ինձ ճանաչում ենք, փառատոնն անպայման լինելու է: 2011 թվականին, երբ սկսեցինք այս փառատոնը, շատերը ծիծաղում էին: Նրանց թվում նաև պատասխանատու անձինք էին, որոնց պարտականությունն էր՝ պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը: Իսկ մենք արեցինք դա, արձանագրվեց անգամ CNN-ով, և գիտե՞ք՝ հետո ինչ եղավ.2016 թվականին Ադրբեջանը սկսեց անցկացնել նման մի բան»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:
Asekose.am-ի դիտարկմանը՝ միայն փառատոն անցկացնելով կարո՞ղ ենք պայքարել Ադրբեջանի դեմ, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց.
«Ես, դու՝ հա, բայց պետականորեն ո՞վ է պայքարում: Անգամ պատասխանատու մարդն ասում է՝ տոլման հայկական չէ: Ի՞նչ թուրք, այստեղ թուրքի կռիվը չէ: Ասում են՝ պետք էլ չէ առայժմ ընդվզել: Ա՛յ ցավդ տանեմ, եթե թուրքը կգա տունդ կմտնի, մի բան կտանի, ասա պետք չէ, որովհետև դա քոնն է, բայց մշակութային ժառանգությունը հո քո՞նը չէ, որ ասես պետք է, կամ պետք չէ: Մենք գիտականորեն վերականգնել ենք Անիի թագավորության խոհանոցը, այնտեղ ամեն ինչ կա, այդ թվում՝ տոլմայի մասին: Որպես գիտնական, ասեք էլի, ի՞նչն է ընդունվում այս աշխարհում: Մարդ եմ ուղարկել, ժառանգներից տեղեկություն է հավաքել, իսկ գիրքը չենք կարողանում տպագրել: Միայն փո՛ղ, փո՛ղ...»:
Հիշեցնենք՝ Բաքվի իշխանությունները ձգտում են տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրև «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր, այնինչ այն հայկական ավանդական կերակրատեսակ է:
Անի Կարապետյան


