«Ասելու համար եթե նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել»․ Սերժ Սարգսյան
«Դա ուղղակի անհեթեթություն է․ ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելը, այլ նաև այն, որ այդ խոսքը նույնիսկ տեղ չի հասել։ Ես Միքայել Սրբազանի հետ վերջին 7 տարիներին հնարավորություն չեմ ունեցել շփվելու»,- այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի ազատազրկմանը։
Այսինքն՝ Միքայել Սրբազանն այնքան միամիտ է, որ ինձ կոչ է անում՝ ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջո՞ւմ լինի։ Խոսք է, ասել է։ Այդ ասելու համար եթե նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել»,- հավելեց Սարգսյանը։
Անդրադառնալով ճշտող հարցին՝ ինքը ասելով՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանն արձագանքեց՝ բա ինքը ո՞վ։
***
Հիմա՞ էլ եք կարծում, որ Արցախի էջը փակված չէ․ այսօր լրագրողներ հետ զույցում այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց․ «Այո, իհրակե փակված չէ»։
«Տեսեք՝ ԱՄՆ կոնգրեսականներն ինչ առաջարկություն են մտցրել Կոնգրես, տեսեք՝ ռուսական վերլուծաբաններն ինչպիսի եզրակացություններ են արել և ինչ առաջարկներ․ դրանք կարևոր հանգամանքներ են»,- նշեց Սարգսյանն ընդգծելով՝ Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական։
***
«Բացի Հայաստանի էսօրվա կառավարչից՝ բոլորն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։ Այսինքն՝ ադրբեջանցիները, թուրքերը, վաղուց են, չէ՞, դրա մասին խոսել, էն ժամանակ չեն ասել մեկի կամ մյուսի անունով կոչենք»,- այսօր լրագրողների հետ զույցում այս մասին նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ալիևը Թրամփի ուղին անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
«Ես դեմ չեմ իրենց ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքների իրականացմանը, բայց այդ երազանքներն իրականացնելու ձգտումը չպետք է ուրիշներին ճնշի։ Այսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզում են Թուրանը միանա, դե թող միանա, այսինքն՝ չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է, անկեղծ չեմ հասկանում՝ ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»։
***
«Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել 2026թ․ ընտրություններին․ մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով, երբ որ ժամանակը կգա, մենք որոշում կկայացնենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով իմպիչմենթ գործընթացին՝ Սարգսյանը նշեց․ «Մենք այդ գործընթացը նախաձեռնողները չենք եղել, եղել ենք պաշտպանողները և թեկնածու առաջադրողները․․․ Հայտարարություն արդեն եղել է․ այս փուլում խնդիրը չեզոք պատգամավորներին համոզելն է, որ միանան ինպիչմենթի գործընթացին»։
***
«Այն իշխանությունը, որը 3 անգամ մեծացրել է Եռաբլուրը, ինձ փորձում է մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ՝ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա։ Իրենք ինչո՞ւ են այդպես անվանում՝ «Եռաբլուրին հարակից տարածքներ»։ Կարո՞ղ է հայերենը լավ չեն հասկանում․ հարակից՝ նշանակում է մոտ գտնվող»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքին։
Անդրադառնալով հարցին, թե, այնուամենայնիվ, Ինչո՞ւ են վաճառվել ՊՆ-ին պատկանող այդ հողերը՝ Սարգսյանը պարզաբանեց․ «Ես Հայաստանի որ կառույցում ծառայել եմ, փորձել եմ միշտ նպաստել այդ կառույցների կայացմանը՝ այդ թվում՝ շենքերի բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ ԶՈՒ-ն արժանի է ունենալու ՊՆ համապատասխան համալիր, համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է․․․ Բոլոր միջոցները ծախսվել են ՊՆ համալիրը կառուցելու նպատակով»։
Հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ եղել է, որ օտարված հողատարածքներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որդուն պատկանող ընկերությունն է գնել՝ «Տոյոտա Երևանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին տեղյակ չի եղել և հավելեց․ «Այդ հողերը կարող էր ձեռք բերել յուրաքանչյուրը, ով ուներ գումար և ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու։ Թող գտնեն մեկ, երկու, հինգ իրական մարդ, որ ուզել են այդտեղ հող ձեռք բերել, իրենց մերժել են»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet