▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասաց՝ 3 օրից կգամ...Արցախյան պատերազմի ժամանակ որդուն կորցրած մայրը դեռ սպասում է նրան

Արցախյան պատերազմի ժամանակ իրենց զավակներին կորցրած և մինչ օրս նրանցից լուր չունեցող մայրերը  հավատում են՝ որդիները դռները բացելու են, ծաղկեփունջ են նվիրելու ու ասելու են՝ «Տո՛նդ շնորհավոր, սիրում եմ քեզ, մա՛յր իմ»:

«Ադրբեջանը տվյալներ չի տալիս անգամ Կարմիր Խաչին և կարծես թե ամեն ինչ անում է, որ հայ մայրը չուրախանա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը՝ հավելելով.

«Ինձ ու մյուս մայրերին մեկ բան է սփոփում.մեր հասարակությունը ունակ է կիսել դիմացինի վիշտը: Երբ վիշտը դառնում է համաժողովրդական, այնժամ հասկանում ես, թե ինչո՞ւ և ո՞ւմ համար գնաց որդիդ»:

Տիկին Առաքելյանը հիշում է՝ 27-ամյա որդու՝ Շահեն Առաքելյանի հետ վերջին անգամ խոսել է 1992 թ. Կապան քաղաքից զանգել ու ասել է, որ խմբով մեկնում են Մարտակերտ:

«Ասաց՝ 3 օրից կգամ.... դեռ սպասում ենք, չնայած լսել ենք՝ ասում են, թե «Արաբո» ջոկատը շրջափակման մեջ է ընկել, ոչ ոք չի փրկվել»:

Անհետ կորած 20-ամյա Վրեժ Գրիգորյանի մայրը՝ տիկին Սամարան էլ նշեց. «Երեք որդի ունեմ, Վրեժս փոքրն էր, բանակից ազատված էր, բայց կամավոր մեկնեց: Սկզբում Շահումյան մեկնեց, հողը պաշտպանեց, վերադարձավ, բայց, երբ լսեց՝ Շահումյանը հանձնել են՝ «Զեյթուն» ջոկատ կազմեցին ու վրեժով լեցուն գնացին: Գյուղացիներին փրկել են, օգնել հագուստով, սնունդով, հասցրել մինչև Ստեփանակերտ, ապա միացել են «Արաբո» ջոկատին: Հիշում եմ՝ չէինք թողնում, որ գնար, ասաց, թե էս պատուհանը տեսնո՞ւմ եք, ինձ կգցեմ այստեղից: Երդվել եմ, գնալու եմ: Հնարավոր չէր պահել նրան: Հունիսի 13-ին ճանապարհել եմ ու այլևս չեմ տեսել... Սպասում եմ, կգա»:

Հիշեցնենք, որ 1992 թվականի հունիսին «Արաբո» ջոկատի ազատամարտիկներն անհետ կորել են Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այժմ գյուղը չեզոք գոտում է):

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее