▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյունը ֆանտանի պես ֆշշաց. Facebook-ի ընկերուհուն գտնելու ճանապարհին ճարտարապետի սպանության մանրամասները

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

Գործը դատարանի վարույթում է 2015 թվականի հուլիսի 9-ից, այն սկզբում քննում էր դատավոր Մարինե Մելքոնյանը: Նրա՝ այլ դատարան տեղափոխումից հետո գործի քննությունը գտնվում էր դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում:

27-ամյա Գագիկը մեղադրվում էր այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Նախաքննական մարմինը Գագիկ Աբրահամյանը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու, այլ գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մանկավարժներ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, ժամանակին վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «31» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով:

«Ֆեյսբուքյան ծանոթուհին», իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի նշված շենքի «32» բնակարանում, այդ հասցեն նշել է աշխատանքի որոնման իր ռեզյումեում, որտեղից էլ հասցեն մտապահել է Վազգենը: Աղջիկը դատարանում հայտնեց, որ Վազգենին երբևէ չի հանդիպել…

Ըստ ականատես վկա Արշակյանի՝ Գագիկի հետ վեճի ընթացքում հանկարծ Վազգենի դեմքից արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու շպրտվեց»:

Արշակյանը նկատել է, որ արյուն կա նաև Վազգենի որովայնի հատվածում: Նա Վազգենին հրել է դեպի աստիճանները, սկսել է իջեցնել: Նկատել է, որ Վազգենի մեջքին էլ վնասվածք կա:

Գագիկը նրանց հետևից չի գնացել:

Ըստ Արշակյանի՝տեսնելով՝ արյունը ինչպես «շպրտեց» Վազգենի դեմքից, տեսնելով Վազգենի արյունոտ որովայնը, ինքը «պանիկայի» մեջ է ընկել, սկսել է օգնություն գոռալ: Վազգենին կանգնեցրել է մուտքի դռան հետևում, բայց Վազգենը չի կարողացել կանգնել, նա կիսապառկած դիրք է ընդունել:

Առաջին հարկից մի տղամարդ է դուրս եկել, ասել է, թե արդեն շտապօգնություն է կանչել:

Տասնհինգ-քսան րոպեից եկել է շտապօգնությունը, արձանագրել են, որ Վազգենը արդեն մուտքում մահացել է…

Այս գործի նախաքննության ընթացքում չի նշանակվել ու չի անցկացվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար դիտավորյալ սպանության համար մեղադրվող Գագիկ Աբրահամյանի հոգեկան վիճակը հանցավոր արարքի կատարման պահին:

Գործի դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն: Փորձագետները եկել են եզրակացության, որ հանցավոր արարքի կատարման պահին Գագիկ Աբրահամյանը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Հոգեբան-փորձագետները հարցաքննվել են դատարանում ու պնդել են իրենց տված եզրակացությունը:

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее