armtimes.com-ը գրում է. Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ
Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի:
- Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ քաղաքական մուլֆիլմեր եք նկարահանում:
- Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձեւերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից եւ իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, եւ դրանց ուշադրություն չի դարձնում:
- Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր:
- Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել եւ չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ:
- Ե՞րբ ենք տեսնելու այդ մուլֆիլմերը, ի՞նչ տարբերակով:
- Դուք կտեսնեք, եթե կշեղվեն իրենց ծրագրերից: Ես ասացի՝ եթե մարդիկ իրենց շեղվելը կշարունակեն, գիտակցաբար կշարունակեն, որովհետեւ կան մարդիկ, որոնց հետ խոսել ենք, ասել են՝ մենք չենք հասկացել, լրագրողը մեզ այսպես է ասել: Եթե կլինեն հստակ պատասխաններ, որ ասեն, այո, դա մենք ենք ասել, ապա մենք մեր երկրորդ քայլը կկատարենք:
- Կա՞ կոնկրետ անհատ, որի մասին արդեն նկարել եք:
- Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը: Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը որ հասարակությունը կտեսնի:
- Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞ ում մուլտիկը պատրաստ է:
- Այո, կար այդպիսին, սակայն, երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասեցին, որ չեն հասկացել: Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել: Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա: Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը:
- Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները:
- Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս եւ «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում: Եկեք անուններ չտամ, քան որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցազրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի:
- Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում:
- Պարոն Ծառուկյանը թերացում չունի եւ չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը եւ ծրագրերի վրա աշխատած մարդը, եւ այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երեւում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը:
- Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնե՞լ է:
- Չէ, մենք այդ մասին չենք խոսել, այդ մուլտծրագրերի մասին չենք խոսել: Ինքը քաղաքականապես զարգացած անձնավորություն է, եւ նման երեւույթները, տարբեր մեթոդներով հասարակության ուշադրությունը հրավիրելը, կարծում եմ յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք, պարզապես, հասարակության ուշադրությունն ենք հրավիրելու այդ մարդկանց վրա, որպեսզի վերահսկողությունը մեծ լինի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


