armtimes.com-ը գրում է. Հայաստանում երեխաները շարունակվում են արտաքնոց ու աղբանոց նետվել՝ հարազատ ծնողների ու ընտանիքի անդամների կողմից: Մեր տեղեկություններով՝ միայն նախորդ տարի Հայաստանում գրանցվել է նմանատիպ ավելի քան 3 դեպք: Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում. 30-ամյա Ա. Բ.-ն իրենց բակի արտաքնոցում ծննդաբերել էր, երեխան ընկել էր հորն ու մահացել: Կինը գտնվել էր հղիության 8-րդ ամսում, մահացած փոքրիկը կնոջ 4-րդ երեխան էր: Հղիությունը գրանցված է եղել, ընթացել է նորմալ: Գյուղապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքը պատահականություն է, եւ եթե կինը չցանկանար լույս աշխարհ բերել փոքրիկին՝ ավելի շուտ կհրաժարվեր: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բնութագիրը, կարելի է քիչ թե շատ հավատալ, որ կինն իրականում վիժել է, եւ երեխան էլ բնավ անցանկալի պտուղ չի եղել:
Հաջորդ սահմռկեցուցիչ դեպքը գրանցվեց Լոռու մարզի Արեւածագ գյուղում. չամուսնացած աղջիկը, որն ապրում էր եղբոր հետ, հղիությունը բոլորից թաքցրել էր: Դեպքի օրն առավոտյան գնացել էր բակում գտնվող զուգարան ու վիժել, 7 ամսական պտուղն ընկել էր հորը: Կնոջն արնահոսությամբ տեղափոխել էին հիվանդանոց: Գյուղ ժամանած փրկարարներն ու ոստիկանները մահացած վիճակում հորից դուրս էին բերել երեխայի անշնչացած մարմինը: Ի տարբերություն Ջաջուռի, այս դեպքում, թերեւս, հիմնական վարկած շրջանառվեց ոչ թե պատահականությունը, այլ երեխայի՝ անցանկալի լինելն ու նրանից ազատվելը: Կնոջ հղիության մասին չէին իմացել անգամ հարազատներն ու մտերիմները: Հղությունը որեւէ տեղ չէր գրանցվել, կինը որեւէ հետազոտություն չէր անցել:
Նախորդ տարվա վերջին դեպք գրանցվեց Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 32-ամյա կինն առավոտյան արթնացել էր, սեփական ուժերով պատշգամբում ունեցել երեխային, որին մոր հետ նետել էին զուգարանի հորը: Փոքրիկը մահացել էր, կինը տեղափոխվել Բերդի հիվանդանոց: 32-ամյա կինը եւս ամուսնացած չէր: Սա կնոջ առաջին հղիությունն էր, որը եւս թաքուն էր պահվել բոլորից: Կինը բժիշկներին հայտնել էր, որ երեխան ծնվելուց ճիչ է արձակել:
Նշված բոլոր դեպքերով հարուցված քրեական գործերով ներկայումս պատիժ է կրում միայն Նորաշենցի տատիկը: Քննությամբ պարզվել էր, որ 57-ամյա տատն է երեխային նետել զուգարանը: Դատարանի որոշմամբ կինն ազատազրկվեց 10 տարի ժամկետով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


