2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, թե սա լավ որոշում է, մարդիկ այլևս ինքնաբուժությամբ չեն զբաղվի:
«Ինքնաբուժությունն ամենավտանգավոր բանն է: Տանը նստած գովազդ են նայում՝ այս կամ այն դեղի մասին, վազում գնում են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Մեզ մնում է այնպես անել, որ որակյալ բժիշկներ լինեն, իմանան լավագույն, նոր դեղերի մասին: Մոսկվայում մի կին բժիշկին տվել էր դատի, քանի որ 2 տարի բուժում էր ստանում այն հիվանդության համար, որը չուներ: Պարզվել է, որ նա լիովին առողջ է եղել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի փոխանցմամբ՝ Հայաստանում պոլիկլինիկա, տեղամասային բժիշկների դիմում է բնակչության 70 տոկոսը, 30 տոկոսն էլ դիմում է ծանոթ բժիշկների:
Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերին, ապա ցանկը հասանելի է այստեղ:


