Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, բանաստեղծուհի Գայանե Ավետիսյանի հետ կայքը զրուցել է առաջիկա ծրագրերի, վերջերս իրականացրած համարձակ ֆոտոշարքի եւ անձնական կյանքի մասին:
Այս պահին դերասանուհին զբաղված է «Դոմինո» սիթքոմի նկարահանումներով.
«Հիմա ուժերիս մեծ մասը կենտրոնացված է «Դոմինո»-ի վրա: Մեզ մոտ շատ դրական մթնոլորտ է տիրում, շատ անկեղծ ու պարզ հարաբերություններ են ստեղծվել անձնակազմի միջեւ, ինչն էլ ավելի հաճելի է դարձնում համագործակցությունը: Կես բառից հասկանում ենք ռեժիսորին ու գործընկերներին: Մեզ մոտ մի շատ կարեւոր պայման է գործում՝ բոլորս իրար մասին ենք մտածում ու ուզում ենք լավ աշխատանք ստանալ, այսինքն՝ ամեն մեկս միայն մեր խաղով հետաքրքրված չենք»,- նշեց Գայանեն ու խոսեց նոր հերոսուհու՝ Սոնա Շահգելդյանի մասին.
«Սոնայի հետ միշտ մտերիմ եմ եղել, ու հիմա շատ ուրախ եմ, որ Սոնան նկարահանվում է «Դոմինո»-ում, քանի որ նա իր հետ հետաքրքիր անկեղծություն ու նոր գույներ է բերել: Որպես դերասանուհի՝ նա շատ օրգանական է խաղում: Ես գժվում եմ իր համար, միշտ ասում եմ, որ իր մեծ երկրպագուն եմ: Նրան շատերը չեն կարողանում ճանաչել, քանի որ Սոնան պիտի դիմացինին սիրի, որ թողնի իրեն ճանաչեն, իսկ ես Սոնային ճանաչում եմ»:
Անդրադառնալով վերջերս ներկայացրած համարձակ ֆոտոշարքին՝ Գայանե Ավետիսյանը նկատեց.
«Վերջին ֆոտոշարքս բավականին բուռն քննարկումների արժանացավ, լսեցի լավ ու անկեղծ կարծիքներ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Առաջին անգամ ես ներկայացա համարձակ կերպարներով, բայց ինձ համար գլխավորն այն էր, որ համարձակությունս պատճառաբանված էր: Առօրյայում հագուկապիս մեջ շատ ավելի զուսպ եմ, գերադասում եմ ավելի բնական տեսք ունենալ ու ինձ համար հետաքրքիր էր այդ ֆոտոշարքով կոնտրաստ ստեղծել: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել տաղանդավոր դիզայներ Արփինե Կոշտոյանին, ով հեղինակել է ֆոտոշարքիս զգեստները, նրա հետ վերջերս բավականին հաջող ենք համագործակցում»:
Այս թեմայի շուրջ դերասանուհին նշեց նաեւ.
«Ըստ իս՝ անկախ ազգությունից կինը պետք է լինի առաքինի եւ համեստություն ու զսպվածություն ունենա: Երբ ազատությունը, որի մեջ մտնում է նաեւ բաց ու համարձակ հագուստը, մտցնում ես առօրյա կյանք ու ազատամիտ կյանքով ես ապրում, ինձ համար անընդունելի է, դա երբեք չեմ անի: Շատ կարեւոր է, որ իմ նոր ֆոտոշարքում չկա վուլգարություն ու գռեհկություն, ինչը խոսում է այն մասին, որ ամեն ինչի մեջ կարելի է գտնել սահման, որից այն կողմ գեղեցիկը դադարում է գործել: Իհարկե, արտիստը պետք է տարբերվի մյուսներից, բայց նրա դեպքում էլ չափի գործոնը պետք է հաշվի առնվի ու ազատությունն էլ չդարձնի առօրյա կյանքի մասնիկ: Այո, ես համարձակ եմ եղել ֆոտոշարքում, որովհետեւ այդպիսին չեմ կյանքում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում