«Արմենիա» ԲԿ-ում չեն ընդունել ծայրահեղ ծանր հիվանդին՝ տարիքի պատճառով. Asekose.am-ին է դիմել հիվանդի դուստրը՝ Մարո Աղազարյանը․ նրա ահազանգը ներկայացնում ենք ստորև․
Սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, Օրբելի 19 հասցեից կատարվել է շտապօգնության զանգ (103)՝ ներկայացնելով հստակ ինսուլտի ախտանիշներ․ մարմնի ձախ կողմի ամբողջական թուլացում, դեմքի ծռում, խոսելու, ծամելու և կուլ տալու անկարողություն։ Չնայած իրավիճակի արտակարգ բնույթին՝ հիվանդին ժամանակին և պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել ինչպես Շտապօգնության 07 բրիգադի բժշկի, այնպես էլ «Արմենիա» ԲԿ ընդունարանի հերթապահ բժշկի կողմից։
Մասնավորապես՝
-
Բրիգադի բժշկուհին, տեսնելով և լսելով հիվանդի սիմպտոմները, խորհուրդ է տվել նրան պահել տանը՝ պնդելով, որ հիվանդանոցում «ոչինչ չեն անի»։
-
Հիվանդին հրաժարվել են տեղափոխել «Էրեբունի» ԲԿ ինսուլտի կենտրոն՝ նշելով, որ «ցուցում չկա» և հնարավոր է միայն վճարովի հիմունքներով։
-
Շարունակ պնդվել է, որ բոլոր հիվանդանոցներում «ոչինչ չեն անի», քանի որ ծրագիրը «հակացուցված է» բարձր տարիքի և դեմենցիայի պատճառով։
-
Չի բացատրվել, որ «հակացուցված» ասելով նկատի է ունեցել միայն պետպատվերով ծառայության չգոյությունը, մինչդեռ հնարավոր էր բուժումը կազմակերպել վճարովի հիմունքներով։
-
«Արմենիա» ԲԿ ընդունարանի հերթապահ բժշկուհին հրաժարվել է նույնիսկ նվազագույն օգնություն ցուցաբերել՝ մերժելով հիվանդին ընդունել, մերժելով սիստեմա միացնել ջրազրկումից խուսափելու համար և ցավազրկում տրամադրել։
Այս ամենի հետևանքով կորցվել է արժեքավոր ժամանակը․ բուժումը հնարավոր էր կազմակերպել առաջին 4 ժամվա ընթացքում, սակայն անպատասխանատու վերաբերմունքի պատճառով այն ձախողվել է։ Արդյունքում հիվանդը մնացել է անդամալույծ՝ զրկվելով խոսելու, ուտելու և խմելու կարողությունից։
Հիվանդի ընտանիքը պահանջում է, որ նշված անձինք պատասխանատվություն կրեն հետևյալ գործողությունների համար․
-
Ինսուլտի հստակ նշաններով հիվանդին տանը պահելու խորհուրդ տալը,
-
«Էրեբունի» ԲԿ տեղափոխումը մերժելը,
-
Սխալ և մոլորեցնող տեղեկատվություն տրամադրելը «հակացուցված» եզրույթի վերաբերյալ,
-
Հիվանդին ընդունելուց և նվազագույն օգնություն ցուցաբերելուց հրաժարումը։
Բացի այդ, մենք կոչ ենք անում առողջապահական համակարգին՝ շտապօգնության կանչերի համակարգում ներդնել հստակ պրոտոկոլ, ըստ որի ինսուլտի նշաններով կանչի դեպքում ուղարկվի այնպիսի բրիգադ, որն ունակ է հիվանդին ինքնուրույն իջեցնել և տեղափոխել հիվանդանոց՝ առանց ԱԻՆ-ի միջամտության ժամանակ կորցնելու։
Մենք վստահ ենք, որ Հիպոկրատի երդումը պետք է ընկալվի ոչ թե որպես ձևականություն, այլ որպես բժշկի մասնագիտական ու մարդկային պատասխանատվության հիմք։