Blognews.am-ը գրում է. Երգիչ Արամեի համար այս տարին հոբելյանական է. նա ամփոփում է գործունեության 10-ամյակը, ինչի կապակցությամբ այս տարի մի շարք անելիքներ ունի։ Հայ հանդիսատեսը 2006 թվականին ճանաչեց երգիչ Արամեին, երբ նա իր «Շատ մի տխրիր» տեսահոլովակով ներխուժեց հայկական շոու բիզնես։ Կայքի հետ զրույցում Արամեն հայտնել է, որ այս տարի մենահամերգ ունենալու ցանկություն ունի։
«1993 թվականից ներկայացել եմ որպես երգիչ, կենդանի երգել, սակայն որպես Արամե՝ ճանապարհս սկսել եմ 2006 թվականից։ Ուզում եմ մենահամերգով ամփոփել 10-ամյա գործունեությունս,- ասել է երգիչն ու հավելել, որ մենահամերգի աշխատանքներըմ դեռ գաղափարային փուլում են,- շատ լավ մտքեր ունենք, որոնք հուսով եմ իրականացնել»։ Շատ փակագծեր բացել Արամեն առայժմ չի ցանկանում։
Գործունեության սկզբին Արամեի կողքին էր Արմեն Ամիրյանը։ 2011-ին՝ Արամեի ձախողված մենահամերգից հետո, սակայն, նրանց համագործակցությունը դադարեցվեց։ Արտավազդ Ամիրյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ դա եղել է Արամեի որոշումը։ 5 տարի անց, երբ երգիչը պատրաստվում է գործունեության 10-ամյակը, կայքը նրանից հետաքրքրվել է՝ հրավիրելո՞ւ է արդյոք Արմեն Ամիրյանին:
«Անին այստեղ է (զրույցի պահին մեր կողքին էր Անի Ամիրյանը) և չի թողնի, որ ստեմ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, մեր հարաբերությունները եղել են, կան և միշտ կմնան դրական, լավ մակարդակի։ Ես հիմա ոչ ոքի հետ չեմ աշխատում, աշխատում եմ մենակ։ Աստված առաջ, մենահամերգս լինի, հուսով եմ ու վստահ, որ նա մեծ սիրով կլինի իմ համերգին, որովհետև այն կարևոր քայլերը, որոնք ես արել եմ, Արմեն Ամիրյանի հետ եմ արել։ Մենք քիչ բան չենք արել միասին և իրավունք չունենք ուղղակի հրաժարվել իրարից»,- նշել է Արամեն։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում