1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, երեխայի պապիկի նկատմամբ սպանության փորձի, ապա՝ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:
Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան առողջության որոշակի խնդրի առկայությունը:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը:
Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, առևանգել է նրան, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե:
Երեխայի տատիկը, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, հարցուփորձ է արել մոտակայքում խաղացող երեխաներին և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել է հիվանդանոցի նկուղ:
Անմիջապես գնացել են այնտեղ, տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում:
Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն տեսնելով՝ լաց է եղել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս առանց խոսելու արագ հեռացել է նկուղից:
Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար:
Երբ Հովսեփին հարցրել են՝ ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի:
Հովսեփ Սարգսյանը, ըստ դատական ակտի, շարունակել է հետևել փոքրիկ Վարսիկին: Երեխայի ընտանիքի անդամները նկատել են դա: Լարվածություն է առաջացել հարևան ընտանիքների միջև:
Երեխայի հայրը մի քանի անգամ փորձել է Հովսեփի հետ խոսել, խնդրել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, բայց տեսնելով, որ Հովսեփը շարունակում է նույն վարքագիծը, 2014 թվականի փետրվարի 7-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովսեփ Սարգսյանն իր ընտանիքին չանհանգստացնի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


