▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաները լքել են նախագիծն ու վերադարձել Թուրքիա՝ իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառով

tert.am-ը գրում է. Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող և այս տարվա հունիսից մեկնարկած «Արի տուն» ամառային ծրագիրը, որն, ինչպես պարզվում է, այս անգամ այդքան էլ հարթ չի ընթանում:


Օրերս հայտնի է դարձել, որ ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են «Արի տուն»-ն ու վերադարձել Ստամբուլ:


Tert.am-ը կապ հաստատեց ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուի հետ, ով հաստատեց պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը:


«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», - Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:


Նշվում է, որ Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև վեճին ավելի ուշ մասնակցել է վերջինիս ընտանիքը, սակայն նախարարությունը բավականին երկար ժամանակ անհաղորդ է մնացել, մինչև որ խնդիրը չի ընդունել ավելի լայն մասշտաբներ:


Ըստ Սաբունջուի՝ կազմակերպիչների անտարբերության պատճառով վեճը վերաճել է լուրջ խնդրի՝ ստեղծելով անառողջ մթնոլորտ երեխաների միջև:


«Անհաշվելի անգամներ զգուշացումներ եմ հղել պատասխանատու մարմիններին, ցանկացել ենք հանդիպել նախարարի հետ, միշտ ասել են՝ տեղում չէ: Երեխաների ապահովության համար ստիպված եմ եղել տանել նրանց Վանաձոր՝ Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ: Սրբազանը բացեց իր դռները մեր առաջ: Ավելի ուշ՝ սփյուռքի նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ, տիկին Հրանուշ Հակոբյանն ինքն անձամբ խնդրի վերաբերյալ զանգահարեց սրբազանին, խոսեց: Իսկ թե հարցի լուծման համար տիկին Հակոբյանն ինչ է ձեռնարկում հիմա՝ տեղյակ չեմ: Ծրագրի հերթական փուլի փակմանը մենք չկայինք արդեն, բայց առանց մեր իմացության Թուրքիայի թիմի պաստառով մարդ է կանգնել, որը մեր թիմից չէ: Փորձել են դեպքը կոծկել: Ի՞նչ կարիք կա նման կեղծարարության: Ուզում եմ շեշտել, որ մեր միակ նպատակն է կանխել նմանատիպ դեպքերի հնարավոր կրկնությունն ապագայում»,-ասաց Սաբունջուն:


Հարցին, թե խնդիրն ու ստացած բացասական վերաբերմունքը զուտ անձնական մակարդակի վրա են տեսնում, թե միտում են նկատում իրենց դեմ Թուրքիայի քաղաքացիներ լինելու պատճառով, Սաբունջուն նշեց.

«Խնդիրն էլ հենց դա է: Մեզ ցավեցնողը հենց այդ էր: Անձնական հողի վրա ծագած վեճը Հայաստանում վերածվել է «Թուրքիայի հայերի» թեմայով մի մեծ սկանդալի»:


Նա շեշտեց, որ իրենց խմբի երեխաների հասցեին հնչած վիրավորանքներն ու վատ վերաբերմունքը կանխելու, դեպքն ուսումնասիրելու փոխարեն՝ իրենց հետ վիճաբանության բռնված թիմի երեխաների ծնողներն ու նախարարության աշխատակիցները շարունակաբար առաջ են բերել Ստամբուլի թիմի մասնակիցների՝ իրենց հետ վիճած տղային ծեծելու մեղադրանքը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մեղադրանքներ:


«Ես մեր աշակերտներին բազմիցս զգուշացրել ու խիստ նշել եմ՝ ոչ մի դեպքում ոչ ոքի վրա ձեռք չբարձրացնել, որևէ մեկը նման բան միանշանակ չի արել: Երեխաների միջև ծագած վիճաբանությունը հարթելու նախաձեռնողն էլ մենք ենք եղել, մեր տղան մոտեցել և ներողություն է խնդրել, ինքս ասել եմ, որ իրար ձեռք սեղմեն, բայց դիմացի կողմը ոչ միայն նման մտադրություն չուներ, այլև ավելի ուշ ենթարկվեցինք նրանց ընտանիքների հարձակմանը», - հիշում է Ստամբուլի թիմի ղեկավարը:

Ղազար Սաբունջուն պատմում է, որ հենց նման պայմաններում Ստամբուլի 16 հոգանոց խումբն ընդհանուր հայտարարի գալով՝ որոշեց լքել նախագիծն ու վերադառնալ Ստամբուլ:

 

«Մենք շատ ջանք գործադրեցինք, որպեսզի երեխաները կոտրված չգնան Հայաստանից, սակայն փոխադարձ կողմում (նկատի ունի նախարարությանը), նույն շահագրգռվածությունը չտեսնելով, ստիպված էի բարձրաձայն ընդվզել: Այնուամենայնիվ, Հայաստանում մեր վերջին օրերը շատ ջերմ անցան, անկախ ամեն ինչից՝ Հայաստանը մեր հողն է», - եզրափակեց Սաբունջուն:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее