Life.panorama.am-ը գրում է.
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանին հեռուստադիտողը շուտով նոր կերպարում կտեսնի: «Շանթ»-ով մեկնարկող «Թաքնված սեր» հեռուստասերիալում նա մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին.
«Այս հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա հենց «Շանթ» հեռուստընկերությունից, որի հետ համագործակցում էիք «Սահմանին» ֆիլմի շրջանակներում: Սերիալի ռեժիսորի հետ քննարկելով կերպարս՝ եկանք համաձայնության: Չեմ կարող չնշել, որ առաջարկը ընդունելու հարցում մեծ նշանակություն ունեցավ սցենարի զարգացումը. Այն ունի հստակեցված սկիզբ ու ավարտ, ինչը թույլ կտա դերասաններին ավելի լավ ըմբռնել իրենց կերպարներն ու հնարավարինս ճիշտ մարմնավորել: Ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ տեխնիկական ու ստեղծագործական թիմում բոլորը պրոֆեսիոնալներ էին. սա նախագծի հաջողված լինելու գրավականն է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Գնել Ուլիխանյանը:
Գնելը «Թաքնված սեր» հեռուստասերիալում մարմնավորում է երեք եղբայրներից մեկին, ում հետ, իր խոսքով, նմանություններ շատ ունի.
«Ֆիլմի գլխավոր հերոսները երեք եղբայրներն են, որոնցից ես մարմնավորում եմ միջնեկին՝ Սոսին: Նա իր տեսակով հաստատուն տղա է, տաքարյուն, այլ կերպ ասած՝ իսկական երեւանցի կյանքի տղա: Իմ ու նրա մեջ որոշակի նմանություններ կան, ինչի համար ուրախ եմ, քանի որ այդպես կերպարն ավելի բնական կստացվի»,- հավելեց դերասանը:
Անդրադառնալով «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմին, ուր Գնելը եւս իր մասնկացությունն ուներ, այս ֆիլմի հետեւորդներին դերասանը տեղեկացրեց.
«Մենք արդեն ավարտել ենք նկարահանումներն ու մեր աշխատանքը գնահատողներին ասեմ, որ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. Վստահ եմ, որ «Սահմանին»-ի հավատարիմ հեռուստադիտողների սպասումները կարդարացվեն»:
Երիտասարդ դերասնն այս ընթացքում զբաղված է ոչ միայն նկարահանումներով, այլեւ մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման ավարտին.
«Շատերը գիտեն, որ մեր թատրոնը այս պահին գտնվում է վերանորոգման աշխատանքների մեջ, որպեսզի աշնանը նոր պրեմիերայով իր դռները բացի թատերասեր հասարակության առաջ: Այնպես որ, բոլոր դերասաններն ու ես այդ թվում մեծ պատասխանատվությամբ պատրաստվում ենք այդ պրեմիերային: Ներկայացնելու ենք Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», ուր մարմնավորելու եմ Դարչոյին: Ասեմ, որ հետաքրքիր կերպար է ստացվում. հույս ունեմ հանդիսատեսի հավանությանը կարժանանամ: Ծանոթ լինելով Արմեն Էլբակյանի գեղագիտական ճաշակին՝ համոզված եմ, որ հետաքրքիր ու շքեզ ներկայացում է լինելու»,- հավելեց դերասանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում