Life.panorama.am-ը գրում է. Այսօր զրուցել ենք «Հայ սուպերսթար», «X Factor», «Հայաստանի ձայնը» նախագծերից հայտնի դարձած երգիչ, տնտեսագետ Արծրուն Խանգելդյանի հետ:
-Արծրուն, երկար ժամանակ է, ինչ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք զբաղված այս ընթավքում:
- Այս պահին զբաղված եմ նոր բենդիս կազմավորմամբ, քանի որ իմ հին բենդի հետ այլեւս չենք համագործակցում: Այսինքն ՝ այնպես չէ, որ չեմ աշխատում, պարզապես այդ ամենը հաճախ չի լուսաբանվում:
-Արծրուն, դուք մասնակցել եք մի քանի երաժշտական նախագծերի, որոնցից ձեր տաղանդը հայտնի դարձավ մարդկանց, թվում էր, թե պետք է ավելի ակտիվ գործեիք, բայց կարծես թե այդպես չեղավ, ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:
- Մեր շուկայում այնքան էլ հեշտ չէ անընդհատ լինել հեռուստաէկրաններին, որովհետեւ այդ ամենն առաջին հերթին կախված է մեծ ֆինանսներից, դրա հատ մեկտեղ հարկավոր է ունենալ պրոդյուսեր, ով կզբաղվի քո PR-ով, իսկ ես ամեն բան անում եմ իմ ուժերով, ու մեր երկրում էլ նման մեծ ֆինանսներ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ մեր շուկան բավականին փոքր է: Այդ ամենը ես հասկացա իմ տեսահոլովակը թողարկելուց հետո, երբ չնայած նրան, որ այն կոմերցիոն չէր եւ պետք է որ մեդիայի կողմից գրկաբաց ընդունվեր, բայց այդպես չեղավ, այս պարագայում եւս առաջացան որոշակի ֆինանսական խնդիրներ, թեպետ իմ միջոցներով կարողացա ինչ-որ չափով ներկայացնել այդ աշխատանքս:
-Արծրուն, այդ ճանապարհին հիասթափություններ ունեցե՞լ եք:
- Ոչ , իմ ասպարեզում հիասթափություններ երբեւէ չեմ ապրել, ես իմ առջեւ նպատակներ եմ դրել եւ հասել եմ դրանց: Այսօր կարող է իմ հեռուստաէկարններին չլինելը պասիվություն կամ հիասթափություն դիտվի, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ ես երբեք ստվերի տակ չեմ գնացել, ես աշխատում եմ, երգում եմ ակումբներում եւ ռեստորաններում: Այսինքն՝ ես, ինչպես շատ երգիչներ գրեթե ամեն օր երգի մեջ եմ:
-Վերջերս մեր երգիչներից շատերը նշում են, թե տեսահոլովակ նկարահանելը իմաստազրկվել է, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
- Միանշանակ կիսում եմ այդ մոտեցումը: Առհասարակ, կարծում եմ, հիմա մեր ժողովուրդը մի փոքր հոգսաշատ է դարձել ու այնքան էլ տարված չէ նոր, ճոխ տեսահոլովակներով: Այսօր մարդիկ մի տեսակ այնքան էլ ուրախ չեն եւ այնքան էլ չեն սպասում տեսահոլովակների, արդյուքնում տեսահոլովակներն էլ կորցրել են իրենց առաջվա դերը:
-Սա նշանակում է, որ առաջիկայում հեռուստադիողը տեսահոլովակների տեսքով Ձեր նոր աշխատանքին չսպասի՞:
- Քանի որ ես այն երգիչների դասին չեմ պատկանում, ով շատ հաճախ է նկարահանել ու նկարահանում տեսահոլովակներ, ուստի ինձից նոր աշխատանքների հեռուստադիտողը կարող է սպասել: Իհարկե, տեսահոլովակ նկարահանելը ինքնանպատակ չէ ինձ համար, բայց մոտ ապագայի համար կան նաեւ նման պլաններ: Այս պահին մեր երկրում շատ հաճախ տեսահոլովակ թողարկելու կարիք չկա, որովհետեւ մեր շոու բիզնեսում վերջին շրջանում մեծ պասիվություն է տիրում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում