
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), ով Լոռու մարզի Շնող գյուղից էր, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Yerkir.am-ը զրուցել է Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ, ով հայտնել է, որ Արայիկը սոցիալապես անապահով ընտանիքից էր:
«Սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր, ունի երկու անչափահաս եղբայր և իրենից մեծ քույր»,- հայնտել է գյուղապետը:
Զոհված զինծառայողներից Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանը կայքի հետ զրույցում նշել է, որ Վարդանը սոցիալապես անապահով ընտանիքից էր:
«Վարդանը պետք է զորացրվեր հունվարին: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող էր»,- հայտնել է նա:
Զոհված զինծառայողներից Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր: Կայքի հետ զրույցում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը նշել է, որ Վիգենն ունի երկու եղբայր, մեկն իրենից մեծ է, մյուսը` փոքր:
«Ամենաուշը մեկ ամսից պետք է զորացրվեր: Երկու տարի առաջ հունիսի 20-ին էր բանակ գնացել և արդեն մեկ ամսից կզորացրվեր»,- հայտնել է Մուրադյանը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում


