Տելեգրամյան ալիքները գրում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է տեղի բնակիչ Կարեն Ավանեսյանը՝ զինված գնդացիրով և նռնակներով։
Ձերբակալության ժամանակ նա նետել է երեք նռնակ և կրակ բացել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան։ Հարուցվել է քրեական գործ, և կատարվում է քննություն։
Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնում դեպքից՝ նշելով․ «Այսօր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967 թվականին ծնված հայ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը իր տնից գնացել է քաղաքի մոտ գտնվող անտառային տարածք, որտեղ նախկինում թաքցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ և փամփուշտների չորս արկղ, ինչպես նաև հինգ նռնակ: Ստեփանակերտ քաղաքում միջոցառման վայրին մոտենալու փորձի ժամանակ նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները: Այդ պահին Կ. Ավանեսյանը կրակ է բացել գնդացիրից և նետել երեք ձեռքի նռնակ՝ զինված դիմադրություն ցույց տալով ոստիկանությանը: Պատասխան կրակից Կ. Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է: Գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան»։