Տեղեկացրել էինք, որ Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտահոգված է այն փաստից, որ վերոնշյալ անձինք առանց ունենալու Ադրբեջանի թույլտվությունը և առանց տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ:
«Նրանք արդեն հրավիրվել են դատարան ցուցմունքներ տալու: Այդ մարդիկ նույնիսկ զանգահարել են ինձ և ասել, որ չեն գիտակցել, թե հանցանք են գործում» ,-ասել էր Չավուշօղլուն:
Նրանց այցը Հայաստան կազմակերպած «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանի խոսքով՝ մտավորականները շատ էլ լավ իմացել են, թե ո՞ւր են գնում:
«Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ, գրող Ալի Բայրամօղլուն, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն, գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն Հրանտ Դինքի ընկերներն են, կանգնած են Ցեղասպանության գործի ճանաչման սկզբնաղբյուրում: Նրանց կանչել են ոստիկանություն: Սաիդ Չեքինօղլուն անգամ հեգնել է.«Արցախ գնացինք, հո փշալարերով չթռա՞նք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագած Ախոյանը՝ հավելելով, եթե դատական գործ լինի՝ գնալու ու կանգնելու է նրանց կողքին:


