Ազգային ժողովում այսօր քննարկման է ներկայացվել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաև Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած՝ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
Նախագծով «Ելքը» պահանջում էր ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասել է, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի: Առաջարկվում է սահմանել, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է նշանակում, 3-ին՝ Ծառուկյանը, 1-ը՝ ՀՅԴ-ն, մեկը՝ «Ելքը»: «Տեղի է ունեցել պատգամավորի իրավունքների նկատմամբ ոտնահարում, Ազգային ժողովը կդադարի վստահելի լինել, եթե նման կերպ շարունակվի: Մենք կոչ ենք անում քվեարկել, մտցնել օրակարգ այս հարցը, որպեսզի քննարկենք՝ հանձնաժողով ստեղծենք, թե չէ, գործնական ապահովենք այն իրավունքը, որ բացասական եզրակացությամբ նախագիծը մտնի նիստերի օրակարգ ու քննարկվի»,-ասել է նա:
Քվեարկության է դրվել քննարկման նախագիծը, այն չի ընդունվել 9 կողմ, 6 ձեռնպահ, 52 կողմ քվեարկությամբ: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձանագրել է՝ այս քվեարկությունը ենթադրում է, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա քաղաքական հողի վրա, ու մարդկանց քաղաքական իրավունքները, հայացքները կարող են ոտնահարվել հենց ԱԺ շենքում: Հիշեցնենք, որ պատգամավորների միջև միջադեպ էր եղել. Փաշինյանը հայտարարել էր, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ Գեղամյանն էլ ի պատասխան նշել էր, որ եթե հարձակված լիներ, ապա Փաշինյանն իսկապես կտուժեր:


