▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առավոտ շուտ եկել ենք Եռաբլուր, որ մեր տղաների շիրիմը չպղծի. զոհվածների ծնողներ

Հերթական ապուշություն է, որ հունվարի 27–ը որոշեցին նշել որպես զոհվածների հիշատակի օր, որը ոչ մի բանի հետ կապված չի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում Նյուզի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

«Առավոտ շուտ եկել ենք այստեղ, որ մեր տղաների շիրիմները չպղծի թուրքը։ Խայտառակ վիճակ է, երևի էլ Հայաստանում ոստիկան չի մնացել, բոլորն էստեղ են, բայց ունենք էն, ինչ ունենք։

Կարծում եմ, եթե ոչ մինչև ընտրություններ, գոնե ընտրություններում ճիշտ որոշում կայացնի ազգը։ Ոչ թե թուրքի բենզին լցնողը, այլ իսկական հայ ազգ է»,–ասել է նա։

Անդրադառնալով Ալիևից շնորհակալություն հայտնելու փաստին, Վիգեն Ազատյանն ասել է. «Այ վիժվածք, այ տականք, դրա պատասխանը դու ո՞նց ես տալու արա։ Ալիևից ես շնորհակալություն հայտնո՞ւմ։ 10 տարի առաջ որևէ մի հային այսպիսի բան, որ պատմեիր, կհավատա՞ր։ Երկրի նախագահը թշնամուն շնորհակալություն է հայտնում, որ այսքան զոհ ունե՞նք։ Մենք 30 տարի պայքարի մեջ ենք, մենք 30 տարվա մեջ այդքան զոհ տվեցինք, որ այդ վիժվածքը շնորհակալություն է հայտնի Ալիևի՞ց։ Սրանց մարդ չի ուզում նույնիսկ թուրք ասի, որովհետև եթե թուրքը լիներ Հայաստանի ղեկավար, հաստատ իր պատվի համար այսպես չէր պահի իրեն։ Սրանք անպատիվ, անհայրենիք են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր ոչ աշխատանքային օր է։

Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Տեղյակ լինելով, որ չգիտես ինչի այս օրը նշանակել են սգո օր, ես իմ պարտքն եմ համարել, որ այսօրվ ներկա լինեմ Եռաբլուրում իմ տղայի շիրիմի մոտ ոչ թե օրվա հետ կապված է, որ ինքը ինչ-որ սիմվոլիկ օր է կամ ընդունում եմ այդ օրը, այլ եկել եմ տղայիս շիրիմը պաշտպանեմ մեր դավաճան կառավարությունից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում Նյուզի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը։

«Ես չեմ ուզում, որ կառավարության որևէ անդամ մոտենա իմ տղայի շիրիմին և նմանապես մնացած մյուս տղաների շիրիմներին։ Ես զուտ դրա համար եմ այսօր այստեղ։

Ես առավոտյան ժամը 6:10-ից այստեղ եմ, բավականին եռուզեռ կար Եռաբլուրում, իհարկե ոսկիկանական ուժեր, այդ թվում քաղաքացիական հագուստով։ Կարելի է ասել ամբողջ Եռաբլուրը սանրում էին, տարածքներ, տեղանքներ և այլն։ Տարածքը ապահովում էին, մաքրում էին, որովհետեւ երկրի, ազգի դավաճանները, հողատուները պիտի գան։

Իրենց այստեղ գալը ամոթ է։ Խոսքը չի վերաբերվում միայն 44-օրյա պատերազմի տղերքին, այլ ընդհանուր Եռաբլուրին։ Իրենք տղերքի արած ամեն ինչը ջուրը լցրին, պատիվը գետնով տվեցին, թե այսօրվա դրությամբ ինչի համար են մտնում եռաբլուր, ի՞նչ երեսով են գալիս, ես չգիտեմ, չեմ կարող գնահատական տալ դրան»,–ասել է զոհվածի հայրը։

Նա նկատեց, որ ցանկացած պատերազմ ունենում է հաղթողներ ու պարտվողներ. «Եթե դասավորվեր այնպես, որ պարտվեինք, բայց գոնե դրանից հետո իմանայինք, որ մեր ղեկավարությունը նորմալ ղեկավարություն է եղել ու չի դավաճանել մեր տղաներին, հետո նաև երկրին, էլի կհարմարվեինք, կասեինք՝ ղեկավարությունն էլ մեղավոր չի, ուժներս չհերիքեց, բայց եթե իրանք չպարտվեցին, բայց իրանք դավաճանեցին ու երկիրը հանձնեցին, վաճառեցին, ղեկավարությունը այստեղ անելու ոչինչ չունի։ Ես իրենց ղեկավար չեմ էլ համարում, իրանք մեր ղեկավարը չեն, իրանք ընդամենը թուրքի կատարածու են»,–ասել է նա։

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոլոքստի զոհերի հիշատակի օրը Հայաստանում կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ հունվարի 27-ը, որը հանդիսանում է Բանակին օրվա նախատոնը, սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Հունվարի 27-ը կապված չէ որևէ կարևոր ռազմական իրադարձության, հաղթանակի կամ պարտության հետ։ Հայրենիքի պաշտպանության համար ամենամեծ թվով զոհերը եղել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած հատվածում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են օրեր, երբ մեկ օրում զոհվել են հարյուրավոր զինվորներ։ Այդ օրերից ոչ մեկը չի հիշվում։ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի պատճառով մեկ օրում զոհվել է 15 զինծառայող, որը Հայաստանի Զինված Ուժերի պատմության ամենամեծ ողբերգություն է եղել խաղաղ պայմաններում։ Այդ օրվա որևէ հիշատակում չկա։ Այդ օրերին անգամ սգո օր չի հայտարարվել։ Սգո օր չի հայտարարվել նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը մարտական գործողությունների հետևանքով հարյուրավոր զոհեր ունենալուց հետո, ինչպես նաև 2023 թվականին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր ունենալուց հետ։ Դրա փոխարեն Բանակի օրվա նախատոնը հայտարարվում է հիշատակի օր, այն էլ՝ ոչ աշխատանքային։
Հունվարի 27-ը մեր հայրենիքի պաշտպանության հետ որևէ իմաստով չի ասոցացվում, փոխարենը այն համարվում է ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։
Այս օրինագծի հեղինակներից մեկը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, ով ապօրինի կերպով հանդիսանում է հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի բանագնաց, իսկ 2016 թվականի մայիսին մասնակցել է ապրիլյան պատերազմից հետո մարտական հերթապահության Արցախի Պաշտպանության բանակում, մի վայրում, որը նա Ադրբեջանի տարածք է համարում դեռևս 1991 թվականից։ Այսինքն` նա իր իսկ պատկերացումներով հանդիսանում է ռազմական հացագործ։ Նախագծի մյուս հեղինակը, իր դատողություններով ռազմական հացագործ է համարում իր սեփական որդուն՝ ով հերոսաբար զոհվել է հայրենիքի պաշտպանության համար՝ Արցախի 44-օրյա պատերազմում։
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների զոհողության արժեքը նսեմացնող դավաճանախումբը փորձում է իրենց արյունոտ ձեռքերը տաքացնել զոհվածների հիշատակի խարույկի վրա, երբ նրանց այլ ճակատագիր է սպասվում՝ հանուն հայրենիքի համար զոհվածների հիշատակի հավերժացման»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։
2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։
2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին թեման մոռացության մատնեց և շրջանցեց:
Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, որովհետև հենց այդ խայտառակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին և նրա առաքելությանը։
Փառք հայրենիքի պաշտպաններին։
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»։

***

«Ծնողները դեմ են այսօրվան, ասում են՝ ինչու այսօր, եթե ոչ՝ սեպտեմբերի 27-ին: Այսօրը կապ չունի ռազմական որևէ գործողության հետ»,- դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց. «Օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության օր: Ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը ի մի բերված՝ այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»:

Հիշեցնենք՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:

Հարցին՝ «Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ որտեղ խոնարհեցինք: Մենք ունենք նաև այլ հերոսներ, այդտեղ էլ չխոնարհեցինք: Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու, խոնարհելու»:

***

«Ես սենց օրին չեմ նայում, շաբաթվա մեջ գոնե մի անգամ գալիս եմ ստեղ»,- «Նյուզ»-ի եթերում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը: «Ցավում եմ, որ այս տղերքը զոհվեցին մի բանի համար, որը հիմա ազերիներինն ա: Եթե դա տենց էր, խի՞ առաջին օրը չասեցին՝ պատերազմը կանգնեցնում ենք: Խի՞ տարան, էս մարդկանց կոտորեցին: Ղեկավարներն են մղավոր, թող ճիշտ ղեկավարեին: Բա իրենց ինչի՞ համար ենք ընտրել, նրա համար, որ ճիշտ ղեկավարեն»,- նշել է նա՝ հավելելով, որ «եթե ղեկավարները չունեն կառավարելու փորձ, թող դիմում գրեն, հեռանան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее